2010թ.-ը՝ «սպամային» ռեկորդակիր
2010 թվականը ՏՏ ոլորտի պատմության մեջ կմնա որպես «ամենասպամային» տարի: Symantec ընկերության վիճակագրական տվյալների համաձայն, որքան էլ տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետները փորձել են կանխել վտանգը, միևնույն է, սպամերի ( անցանկալի գովազդ պարունակող հաղորդագրություն) թիվն այս տարի կտրուկ աճել է:
Մասնավորապես էլ-փոստով ուղարկված նամակների 9/10-ը (89,1%-ը) եղել է սպամ:
Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»- գործակալությունը, այս տարի ուղարկվել է մոտ 95 մլրդ «ֆիշինգ» տեսակի վտանգավոր սպամ: Սպամի այս տեսակները վարակված են լրտեսական ծրագրերով ու հավաքագրում են օգտագործողների անձնական տվյալներն ու գաղտնաբառերը:
Բացի նամակներից` սպամների թիվն աստիճանաբար ավելանում է նաև սոցիալական ցանցերում` Facebook-ում, Myspace-ում և ռուսական «Вконтакте»-ում: