ՊՆ. Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը` հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հակաօդային պաշտպանության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կարևորելով հակաօդային պաշտպանության զորքերի դերը խաղաղության պահպանման գործում` Ս. Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը:
Մասնակցելով զորամասի սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման արարողությանը` պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և մշտապես ամեն ինչ արվելու է, որպեսզի զինծառայողները զերծ լինեն կենցաղային խնդիրներից և հստակորեն կատարեն իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ: