«Օնլայն խորհրդատու»՝ նոր ծառայություն «ԱրմենՏել»-ի կողմից
Այսօրվանից գործարկվում է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) «Օնլայն խորհրդատու» նոր ծառայությունը: Ինչպես լրագրողներին հայտնեց «ԱրմենՏել» ընկերության Հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը, «Օնլայն խորհրդատու»-ն իրենից ներկայացնում է սպասարկման մի նոր ուղղություն:
Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին օնլայն երկխոսության` «չատի» միջոցով ստանալ լիարժեք տեղեկատվություն ընկերության կողմից մատուցվող ծառայությունների լայն տեսականու վերաբերյալ:Հարցերի ցանկը, որով կարելի է ընկերության մասնագետների կողմից ստանալ օպերատիվ խորհրդատվություն ներառում է տեխնիկական բնույթի, ծառայություների, սակագների, ակցիաների, առկա պարտքերի և այլնի վերաբերյալ տեղեկատվություն: Ծառայությունն անվճար է և կարելի է օգտվել` այցելելով ընկերության www.beeline.am կայք:
«Օնլայն խորհրդատու» ծառայության պատուհանում բաժանորդներին ներկայացված են թեմաների ծառը, ինչպես նաև այցելուների ընդհանուր քանակը: Օպերատորը կարող է ուղղորդել այցելուի հարցը մեկ այլ օպերատորի` կախված քննարկման թեմայից: Սովորական տեքստային հաղորդագրությունից բացի, օպերատորը կարող է այցելուին ուղարկել հղում, որին սեղմելիս հաճախորդը կարող է գտնել իրեն հետաքրքրող հարցի պատասխանը: Հաճախորդը նաև հնարավորություն ունի պահել օպերատորի հետ երկխոսության պատմությունը` անհրաժեշտության դեպքում կրկին վերանայելու համար:
«Նման ծառայություն Հայաստանում որևէ օպերատոր կամ պրովայդեր չունի: Այն առաջինն է ինչպես Հայաստանում, այնպես էլ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ: Եթե այս ծրագիրը Հայաստանում հաջողություն ունենա, ապա այն կտարածվի նաև այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը»,- նշեց Բ. Մովսիսյանը` հավելելով, որ իրենց նպատակն է բարձրացնել հաճախորդների սպասարկման ոլորտում ինտերնետից օգտվելու կուլտուրան, ինչպես նաև ավելի լայն տարածել ինտերնետ հաղորդակցությունը Հայաստանի տարածքում:
Նշվեց նաև, որ ծառայությունից կարող են օգտվել ոչ միայն բիլայնի բաժանորդները, այլև յուրաքանչյուր ոք, ով հետաքրքված է «ԱրմենՏել»-ի ծառայություններով: