Ադրբեջան. «Իշխանամետ հակերները կոտրել են «Ազադլիգ» թերթի կայքը»
Դեկտեմբերի 9-ի օրվա երկրորդ կեսից «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի «azadlig.info» ինտերնետային էջ մտնել հնարավոր չէ: Կայքի խմբագիր Ալի Ռզան «Մեդիա ֆորում»-ին ասել է, որ թեև դեկտեմբերի 12-ին իրենց հաջողվել է վերականգնել կայքի գործունեությունը նոր սերվերում, սակայն այնտեղ ուղարկվող սպամերը կարճ ժամանակ հետո կրկին խոչընդոտել են նրա աշխատանքը: Նա ասել է, որ ներկայումս ուսումնասիրվում են այդ սպամերի ուղղությունները, մշակվում դրանցից պաշտպանվելու մեթոդները:
Ալի Ռզան կայքի գործունեության դեմ ուղղված քայլերը դիվերսիա է որակել: «Ադրբեջանի իշխանությանը քննադատող կայքերին շարքից հանելը, կամ էլ երկրի տարածքում այդ կայքերի մուտքը խոչընդոտելը հաստատում են այդ կասկածը: Ադրբեջանում ոչ մի կայք ապահովագրված չէ նման դիվերսիաներից»,- ասել է նա:
«Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն էլ հավելել է. «Սա Ադրբեջանն է, և իշխանությունը հետևում է բոլոր կայքերին: Իսկ կայքերի գործունեությանը միջամտելը նրանց համար խնդիր չէ: Ինտերնետային գրագրությունները, բլոգերը հատուկ ուշադրության տակ են: Գտնում եմ, որ նման միջամտությունները իշխանության ձեռքի գործն է: Հաճախ նկատում ենք, որ կայք մուտքը դժվարացել է, լուրը էջից անհետացել է: Դա խոսում է այն մասին, որ կողքից միջամտությունը միշտ սպասելի է, և դա մամուլի նկատմամբ վերահսկողության ձևերից մեկն է»,- հավելել է «Թուրան»-ի տնօրենը: