«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորում` նվիրված Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրներին
Դեկտեմբեր 18-19-ը Աղվերանում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորում, որը նվիրված է Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրներին /e-commerce/: Ֆորումի օրակարգում են լինելու` Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային փողերի կարգավորումը (Կենտրոնական Բանկ), ԱրՔա էլեկտրոնային վճարային համակարգի տեսլականը՝ Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման վերաբերյալ, Էլեկտրոնային կառավարման (E-gov) ոլորտում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները, Էլեկտրոնային առևտրում առկա էլեկտրոնային վճարումների խնդիրները, Հայաստանում Էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավոր մոդելների սկզբունքները, այլ երկրների փորձը էլեկտրոնային առևտրի ոլորտում (Ռուսաստան, Վրաստան, Մակեդոնիա), Էլեկտրոնային առևտրում լոգիստիկայի, տեխնիկական ապահովման և անվտանգության խնդիրները:
Ֆորումի ամփոփումը կիրականացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ֆորումին կմասնակցեն նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Հայաստանում գործող առևտրային բանկերի և վճարային համակարգերի, ինչպես նաև արտերկրյա և հայաստանյան ՏՀՏ ընկերությունների, առևտրային բանկերի, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ։
Նշենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:
Հանդիպում-ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունը` ՀՀ կառավարության և USAID/CAPS-ի աջակցությամբ: