Hurriyet. Դավութօղլուի անսպասելի քայլը Նյու Յորքում
Թուրքիան ԱՄՆ Կոնգրեսում լուրջ դժվարություններ ունի: Այս մասին բարձրաձայնում է թուրքական «Hurriyet» օրաթերթի Վաշինգտոնի թղթակից Զեյնեփ Գյուրջանլը: Նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն վաշինգտոնյան իր վերջին այցի ժամանակ անձամբ ականտես եղավ այդ լարվածությանը, երբ հանդիպումներ ունեցավ կոնգրեսականների և այլ բարձրաստիճան իշխանավորների հետ: Եզրակացությունը մեկն է ու միանշանակ. այդ ամենի պատճառը հրեական լոբբիի մարտավարության փոփոխությունն է, համաձայն որի, այլևս դադարեցվել է աջակցության ցուցաբերումը թուրքերին միջերկրածովյան միջադեպից հետո:
«Ավանդաբար կոնգրեսում Թուրքիայի դեմ գործում են հայկական և հունական լոբբիստական ուժերը: Վերջիններիս միացել է նաև հրեականը, որը, խոչընդոտ հանդիսանալով Անկարայի համար, բացասաբար է ազդելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- գրում է «Hurriyet»-ը:
Թուրքիան գիտակցում է ստեղծված կացության լրջությունը և դիմում անհրաժեշտ գործողությունների: Առաջին քայլը, ինչպես նշում է հոդվածագիրը, արեց Դավութօղլուն, որն այժմ ՄԱԿ-ի նիստին մասնակցելու նպատակով գտնվում է Նյու Յորքում: Թուրքիայի արտգործնախարարը հանդիպում է ունեցել հունական լոբբիստական ուժերի հետ, ինչը և գնահատվում է անսպասելի արարք:
«Նպատակը պարզ է. ի ցույց աշխարհի դնել վերջին շրջանում Թուրքիայի ու Հունաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգնման միտումները: Իբրև թե Աթենքի հետ հաստատված խաղաղությունը տարածվում են նաև հունական սփյուռքի վրա»,- գրում է պարբերականը ու շեշտում հետևյալը, որ թեպետ մեկ հանդիպումով անհնար է հույներին տրամադրել Թուրքիայի կողմը, բայց և այնպես դժվարը առաջին քայլն էր: