Երևանում մեկնարկեց «Նորարար Ուսուցիչների ֆորումը»
Այսօր «Մայքրոսոֆթ» ընկերությունը «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Նորարար Ուսուցիչների Ֆորում»։
Ֆորումի նպատակն է մասնակիցներին ներկայացնել ուսուցման և դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված այն նորարար տեխնոլոգիաները, որոնք մշակել են ուսուցիչները:
«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ միջոցառումն արդեն դարձել է ավանդական և անցկացվում է երկրորդ անգամ։ «Ժամանակակից կյանքում ՏՏ զարգացումները կարևորագույն և անխուսափելի փաստ են։ Այսօր բոլոր նորարարությունները կապված են ՏՏ ոլորտի հետ։ Իսկ վերջինս այն հզոր գործիքն է, որը կարող է նպաստել կրթության ոլորտի զարգացմանը և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը»,- նշեց Գրիգոր Բարսեղյանը։
ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանի փոխանցմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումն ու կիրառումն իսկապես կարևոր և անհրաժեշտ հանգամանք է կրթության ոլորտում։ Պարզապես նորարարությունները պետք է ճիշտ և ռացիոնալ կիրառվեն։ «Պետք է պարզապես զգույշ լինել , որպեսզի նորարարության զարգացումները չունենան վնասակար ազդեցություն, չպետք է թույլ տալ, որ տեխնոլոգիական նվաճումներն ազդեն մարդկային անմիջական շփման վրա»,- նշեց Մանուկ Մկրտչյանը։
Նշենք, որ միջոցառման ժամանակ ցուցադրվեցին նախապես հայտարարված մրցույթին ներկայացված 58 նախագծից եզրափակիչ փուլ անցած 20-ը։
Ֆորումի ընթացքում այսօր ամփոփվելու են նաև մրցույթի արդյունքները։
Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված երեք գլխավոր մրցանակակիրները 2011թ. մարտ ամսին կմեկնեն Մոսկվա` «Եվրոպական Նորարար ուսուցիչների ֆորումին» մասնակցելու և իրենց նախագծերը ներկայացնելու համար: Հայաստանյան մրցույթին մասնակցած բոլոր մասնակիցները կարժանանան ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Մայքրոսոֆթ» ընկերության պատվոգրերին: Ինչպես նաև 3 լավագույն նախագծերի համար և մեկ հատուկ մրցանակ է սահմանել ծրագրի գործընկեր «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline):