Սերժ Սարգսյանն այցելեց «Սիներջի ինթերնեշնըլ սիսթըմզ» ընկերության բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք
Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամբողջական ծրագրային փաթեթներ և ծառայություններ առաջարկող «Սիներջի ինթերնեշնըլ սիսթըմզ» ընկերության բիզնես կենտրոնի նորակառույց մասնաշենք: Նախագահը շրջեց շենքում, ծանոթացավ գրասենյակի ժամանակակից չափանիշներին համապատասախանող աշխատանքային պայմաններին:
Նշենք, որ «Սիներջիի» կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, իսկ 1999 թվականից Երևանում գործում է հայաստանյան մասնաճյուղը:
Ինչպես լրագրողներին հայտնեց ընկերության նախագահ Աշոտ Հովհաննիսյանը, ընկերությունն առաջարկում է ամբողջական ծրագրային փաթեթներ և ծառայություններ` ուղղված հանրային և մասնավոր հատվածի, կազմակերպությունների համար տեղեկատվության հավաքագրմանը, վերլուծությանն ու տարածմանը:
Ըստ նրա, այս նորակառույց համալիրը (կառուցման համար ծախսվել է 4 միլիոն դոլար) ծառայում է երկու հիմնական նպատակի. ընկերության հենց այս մասնաճյուղում է մշակվում և աշխարհի շուրջ 30 երկրից պատվիրատուներին տրամադրվում «Սիներջիի» մեծ պահանջարկ ունեցող ծրագրային փաթեթները: Նա նաև նշեց, որ «Սիներջին» Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով իրականացնում է վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցում են տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից, Ասիայից, ԱՊՀ երկրներից մասնագետներ: Ա. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ընկերությունն ունի 120 աշխատող, որոնք ունեն գիտելիքների մեծ պաշար և նրանց օգնությամբ էլ տարբեր երկրներից ժամանած մասնագետները ծանոթանում են «Սիներջիի» ծրագրային փաթեթներին:
Նրա խոսքով, իրենց համակարգերը հիմնականում կառավարական են, օգտագործում են երկրների կառավարությունները, միջազգային կազմակերպություններ: Հարցին, թե ո՞ր երկրներն են օգտվում, նա նշեց Իրաքը, որն իր զարգացման համար իրականացնում է 186 միլիարդ դոլարի պետական ծրագրեր: Այդ ծրագրերին հետևում և վերլուծում է «Սիներջին»:
Հարցին, թե Հայաստանի կառավարության հետ կա՞ համագործակցություն, նա պատասխանեց. «Դեռ չենք համագործակցում, բայց ունենալով այնպիսի հնարավորություններ, ինչպիսին մեր աշխատակիցների գիտելիքներն են, կարող ենք համագործակցել, և մեր գիտելիքներն օգտագործել մեր կառավարության համար»:
Նշենք, որ բիզնես կենտրոնի կառուցման համար ծախսվել է 4 միլիոն դոլար: