Նորարարական ծրագեր ներկայացրած երեք ուսուցիչ հաղթող է ճանաչվել. Նրանք կմեկնեն Մոսկվա
«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը` Beeline) աջակցություն է ցուցաբերել «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացվող նորարար ուսուցիչների ֆորումին: Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից ուսուցիչները մրցույթին ներկայացրել են ուսման ոլորտում կիրառվելիք նորարարական ծրագրեր: Ընդհանուր առմամբ ներկայացվել է 58 կրթական ծրագիր, որից 20-ն անցել է եզրափակիչ փուլ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, Երևանում կայացած եզրափակչից հետո հեղինակավոր ժյուրին ընտրել է երեք հաղթողների: Հաղթողներին հնարավորություն կընձեռվի մասնակցել «Եվրոպական Նորարար ուսուցիչների ֆորումին», որը տեղի կունենա 2011թ-ի մարտի 23-26-ը Մոսկվայում: Նրանք են` Անահիտ Բաղդասարյանը` Վանաձորից, Նարինե Բաղդասարյանը` Երևանից և Գեղամ Սիմոնյանը` Երևանից:
«ԱրմենՏԵլ» ընկերության կողմից հանրահաշվի և երկրաչափության, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ոլորտին առնչվող նորարար ծրագրեր ներկայացնող ևս երեք ուսուցիչ պարգևատրվեցին Nokia 5800 հեռախոսներով: Ընկերության կողմից հատուկ մրցանակի արժանացավ նաև Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Հերմինե Ղարագյոզյանը: Եզրափակչի բոլոր հաղթողները ստացան «ԱրմենՏԵլ» ընկերության կողմից հուշանվերներ:
«Անհնար է գնհատել այս ծրագրի կարևորությունը, քանի որ հենց ուսուցիչների հովանու ներքո մեծանում և կրթվում է ապագա սերունդը` մեր երեխաները: Նորարար մեթոդների օգտագործումն ուսումնական ծրագրերում կբարձրացնի աշակերտների հետաքրքրությունն ուսումնական ծրագրերի հանդեպ` տեղափոխելով այն որակական նոր հարթակ»,- նշել է ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայություն ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Ֆորումի կազմակերպիչներն են Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակը և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը: Նախորդ տարվա երկու ուսուցիչներ-մրցանակակիրներ ներկայացրեցին Հայաստանը Գերմանիայում կայացած «Եվրոպական Նորարար ուսուցիչների ֆորումին»: