Սերժ Ավետիքյանը ֆիլմում կմարմնավորի Փարաջանովին
Ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը կմարմնավորի Սերգեյ Փարաջանովին նույնանուն ֆիլմում` հանդես գալով նաև որպես համառեժիսոր: Նշենք, որ Ավետիքյանը 2010 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենի մրցանակին: Մի քանի օրից Ավետիքյանը կմեկնի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները: Ֆիլմի ստեղծագործական խումբը բազմազգ է` համառեժիսորներ են Օլենա Ֆետիսովան Ուկրաինայից, Ռոման Բալայանը, Սերժ Ավետիքյանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ֆիլմի պրոդյուսեր և ռեժիսոր Օլենա Ֆետիսովան պատմել է, որ ֆիլմի ստեղծման գործընթացում այժմ բավական վճռական պահ է, քանի որ երկար փնտրտուքներից հետո վերջապես որոշվել է` ով է մարմնավորելու Փարաջանովին: Մինչ այդ շատերին են փորձել, սակայն ռեժիսորն ասում է` ոչ մի կերպ չէին կարողանում գտնել այն դերասանին, որ իրոք կարողանար խորապես զգալ Փարաջանովին:
«Ինչո՞ւ Սերժ Ավետիքյանը... քանի որ նա շատ նուրբ դերասան է, շատ տաղանդավոր ռեժիսոր` գաղտնիք չէ, որ Կաննի փառատոնին կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում Ոսկե արմավենու է արժանացել: Նաև Ավետիքյանը անձամբ ճանաչել է Փարաջանովին, նրանք շփվել են Թբիլիսիում, ինչքան հիշում եմ` 1987 թվականին. դա նույնպես մեծ նշանակություն ունի: Բացի այդ, Սերժ Ավետիքյանը աստվածացնում է Փարաջանովին, ինչպես և բոլորս. այս ֆիլմը կարող են ստեղծել միայն այնպիսի մարդիկ, որոնք ինքնամոռաց սիրում են Փարաջանովին», - ասել է Ֆետիսովան:
Նրա խոսքով, չնայած արդեն իսկ Փարաջանովի կյանքը` այդքան բարդ, դրամատիկ ու հակասական, պատրաստի սցենար է, սակայն այն թղթին հանձնելը շատ բարդ է եղել, այդ իսկ պատճառով, թեև ֆիլմի աշխատանքները սկսել են երկու տարի առաջ, դեռ վերջնական սցենար չկա: Այժմ կա երեք տարբերակ և արդեն Սերժ Ավետիքյանի հետ կմշակվի մեկը, որի հիման վրա էլ կսկսեն նկարահանումները:
Ֆիլմը կենսագրական է լինելու, հիմնված Փարաջանովի կյանքի իրական փաստերի վրա, սակայն դա սոսկ Փարաջանովի կյանքի պատմությունը չէ: «Այս ֆիլմի տեղծումը ոչ միայն հարգանքի տուրք է մեծ ռեժիսորին և ժամանակակցին, դա մի այնպիսի նյութ է, որի հիման վրա մենք կարող ենք պատմել ողջ մեր երկրի պատմությունը` ինչ ունեինք, ինչ ենք կորցրել և ինչին ենք ձգտում», - ասել է Ֆետիսովան:
Ծրագրվում է ֆիլմն ավարտել 2014 թվականի հունվարին: Հեղինակները այն ցանկանում են նվիրել Փարաջանովի 90-ամյակին: «Քանի որ ֆիլմը ցանկանում ենք նվիրել Փարաջանովի 90-ամյակին, որը նշվելու է 2014 թվականին, կցանկանայինք ֆիլմի պրեմիերան անել Ռոտերդամում: Համարձակ ծրագրեր են, բայց մենք ձգտում ենք դրան», - նշել է Օլենա Ֆետիսովան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները