«Հայոց աշխարհ». Իրական փաստեր` «Ա1+»-ի ներկայացրած «փաստաթղթերի» վերաբերյալ
«Երբ համադրում ենք առկա փաստերը, ստացվում է, որ «Ա1+» հեռուստաընկերությանը ֆինանսական աջակցություն է խոստացել մի ընկերություն, որն արդեն 3 տարուց ավելի է, ինչ պարզապես... գոյություն չունի»,- գրում է «Հայոց աշխարհը»` համադրելով բոլոր փաստերն ու «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերը: Շարքը շարունակվում է: Մեկ այլ փաստաթղթից էլ երևում է, որ կնիքի հետ կապված խնդիր կա: Բանն այն է, որ բլանկի վրա գրված է. «Rogeston», իսկ կնիքի վրա փոքր-ինչ այլ անվանում է` «Rogerson»: Կարելի է, իհարկե, թեթևամտորեն ասել` ինչ է եղել որ, մի 2 տառ թարս ու շիտակ են գրել: Հա, բայց չէ՞ որ դիտարկում ենք պաշտոնական փաստաթղթեր:
Բնականաբար ՀՌԱՀ-ը պիտի փորձեր պարզել, թե ի վերջո ինչպե՞ս է կոչվում հեռավոր Բելիզում գտնվող այդ ընկերությունը: Հետաքրքրվել են: Եվ ՀՀ հյուպատոսի միջոցով հարցում է ուղղվել Բելիզի ընկերությունների գրանցման ռեգիստրին, որտեղից էլ այս տարվա նոյեմբերի 24-ին պաշտոնապես պատասխանել են, որ Բելիզում ոչ «Rogeston Logistics LTD», ոչ էլ` «Rogerson Logistics LTD» անվանումով ընկերություն գրանցված չէ: Ավելին` Բելիզի պետական ռեգիստրը պաշտոնապես փաստում է, որ իրենց տվյալների բազայում ոչինչ, ոչ մի տվյալ չեն հայտնաբերել նշված անվանումներով ընկերությունների, դրանց սեփականատերերի, հասցեների մասին:
Ստացվում է, որ այս դեպքում էլ «Ա1+»-ին ֆինանսական աջակցություն է խոստացել մի ընկերություն, որն ուղղակի գոյություն չի էլ ունեցել, «ֆանտոմ» է:
Ուշագրավ է, որ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը նախօրեին հայտարարել էր, թե այդ մեղադրանքները անհեթեթ են, թե դա հայտնի ու բազմաթիվ մասնաճյուղեր ունեցող ընկերություն է եւ մի մասնաճյուղ էլ Ռուսաստանում ունի, այսինքն` ընկալվում էր, թե հենց ռուսական մասնաճյուղն է աջակցություն խոստացել:
Այստեղ մի «փոքրիկ» տրամաբանական հարց է ծագում. այդ դեպքում ինչո՞ւ է ֆինանսական աջակցության խոստումներ տալիս ոչ թե այդ «ռուսական մասնաճյուղը», այլ «գլխավոր գրասենյակը», որը, պարզվում է, գոյություն չունի:
Եվ, վերջապես, «Ընկերության տնօրեն տիկին Աննա Տանելյան» տպագիր գրությամբ ստորագրված,«SOS-CAMPING-LOISIRS»-ի բլանկով ուղարկված գրության մասին, որտեղ նշված է, թե «Մենք, տարբեր գործարարներ, կազմակերպություններ եւ բարերարներ մոբիլիզացրել ենք մեր միջոցները ապագայում «Ա1+» ընկերության մեջ 280 հազար եվրոյի ներդրում կատարելու, սփյուռքում (ԱՄՆ, Եվրոպա, Արեւելք) ցանկալի եւ երկար սպասված, վստահելի եւ օպերատիվ լրատվամիջոցներ եւ հեռուստածրագրեր ունենալու համար»:
Դեռ մի կողմ թողնենք «ցանկալի ու երկար սպասվածը», չնայած այդ պարագայում ֆրանսերեն գրված բնօրինակը կարող էին գոնե գրագետ թարգմանել հայերեն, չհաշված իմաստային անհարթությունները, որոնցից բխում է, թե Սփյուռքում է ստեղծվելու լրատվամիջոցը:
Այստեղ էական է հարցը, թե ովքեր են այդ «մենքը»: Եթե նախորդ դեպքերում, ճիշտ է, վաղուց լուծարված կամ ընդհանրապես չգրանցված կոնկրետ ընկերություններ էին աջակցություն խոստանում, ապա այս պարագայում բացարձակապես անհասկանալի է, թե հատկապես ովքեր են 280 հազար եվրո ներդրում խոստացող «բարերարները, գործարարները»` «մենքը»: Առավել եւս, որ ոչ կնիք կա գրության տակ, ոչ էլ` ձեռագիր ստորագրություն:
Եվ այդքան, այսպես ասենք` ակնհայտորեն կասկածահարույց հանգամանքների, կեղծիքների մասին վկայող բացահայտված փաստերի պայմաններում մի՞թե ՀՌԱՀ-ի անդամները այլ որոշում էին կայացնելու:
Ի վերջո, «Մելտեքսը» կարող էր ավելի բարեխիղճ եւ ուշադիր վերաբերվել իր իսկ ներկայացրած փաստաթղթերին, դրանցում արձանագրված տվյալների ու տեղեկությունների համապատասխանությանը: Եթե, իհարկե, նպատակը մրցույթին պատշաճ մակարդակով մասնակցելն էր, այլ ոչ թե զուտ քաղաքական հաշվարկը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում