«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումի մասնակիցները քննարկում են Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրները
Քիչ առաջ Աղվերանում մեկնարկեց «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորում, որը նվիրված է Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրներին /e-commerce/: Ֆորումի ընթացքում կքննարկվեն ՀՀ էլեկտրոնային փողերի կարգավորման, էլեկտրոնային առևտրի զարգացման և Էլեկտրոնային կառավարման (E-gov) ոլորտում առկա խնդիրները ու հեռանկարները։ Կներկայացվի նաև համապատասխան միջազգային փորձը։
Ֆորումին մասնակցում են ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Հայաստանում գործող առևտրային բանկերի և վճարային համակարգերի, ինչպես նաև արտերկրյա և հայաստանյան ՏՀՏ ընկերությունների, առևտրային բանկերի, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ։
Նախատեսվում է, որ ֆորումի ամփոփումը կիրականացնի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:
Հանդիպում-ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունը` ՀՀ կառավարության և USAID/CAPS-ի աջակցությամբ: