Երիցյան-Դավթյան. Հանդիպում առանց փողկապների
«Ես շարունակելու եմ աջակցել ՏՏ ոլորտի ընկերություններին ու նրանց գործունեությանը: Մյուս շաբաթ պարզ կլինի, թե ինչով եմ զբաղվելու, բայց մի բան հաստատ է՝ կապը լինելու է: ՏՏ ոլորտում դեռևս կան բազմաթիվ անավարտ գործեր, և անկախ հետագա աշխատանքային գործունեությունից` կշարունակեմ աջակցել ոլորտի զարգացմանը»,-նման հայտարարություն արեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը` երեկ Աղվերանում ընթացող «ՏՀՏ լիդերների առանց փողկապի հանդիպում» ֆորումի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2-օրյա Ֆորումը նվիրված էր Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրներին /e-commerce/: Ֆորումի ընթացքում քննարկվեցին ՀՀ էլեկտրոնային փողերի կարգավորման, էլեկտրոնային առևտրի զարգացման և Էլեկտրոնային կառավարման (E-gov) ոլորտում առկա խնդիրները ու հեռանկարները։
Նախատեսվում էր, որ ֆորում-հանդիպումը պետք է ամփոփեր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սակայն վերջինիս փոխարինեց էկոնոմիկային նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանը: Այսպիսով, հանդիպումն ամփոփեցին էկոնոմիկայի նախկին և ներկա նախարարները:
Տիգրան Դավթյանն իր խոսքում նշեց, որ ՏՏ-ն այն ոլորտն է, որտեղ նույնիսկ 1 տարում կարող է նկատելի դառնալ զգալի առաջընթաց: «Աշխարհում ընթացող արագ զարգացումներից Հայաստանը անմասն չի կարող մնալ և պետք է իր մասնակցությունն ունենա: Կփորձեմ հնարավորին չափ պահպանել ավանդույթներն ու կարևորելով ոլորտը՝ մասնակցել նմանատիպ հանդիպումներին։ Շնորհակալ եմ պարոն Երիցյանից ՏՏ ոլորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Կառավարությունում հնարավորին չափով կփորձենք աջակցել ձեզ»,- նշեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Հիշեցնենք, որ հանդիպում-ֆորումի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունը` ՀՀ կառավարության և USAID/CAPS-ի աջակցությամբ:
Նախորդող նորություններ` http://panorama.am/am/IT/2010/12/18/it-aghveran/
http://panorama.am/am/IT/2010/12/18/caps/