Տեղի ունեցավ «Հայաստանի գրադարանային ավտոմատացված ցանցի ստեղծում» նախագծի շնորհանդեսը
Երևանում այսօր տեղի ունեցավ «Հայաստանի գրադարանային ավտոմատացված ցանցի ստեղծում. նախագծի շնորհանդեսը: Ինչպես նշեց Գրադարանային կոնսորցիումի նախագահ, ՀՀ ԳԱԱ-ի գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, 2000թ.-ին «Բաց հասարակության ինստիտուտը» (ԲՀԻ) գրադարանային հանրությանն առաջարկել է պատրաստել հայաստանյան գրադարանների ավտոմատացված ցանցի ստեղծման հայեցակարգ: Ազգային գրադարանի, Ազգային գրապալատի, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի, ԵՊՀ-ի և Ազգային գրադարանների մասնագետները պատրաստել են այդ հայեցակարգը, ինչն էլ արժանացել է ԲՀԻ-ի եվրոպական կենտրոնակայանի գրադարանային փորձագետների հավանությանը:
Ըստ Տ. Զարգարյանի, Հայաստանի գրադարանային ավտոմատացված ցանցի նպատակն է թվայնացնել և համացանցում տեղադրել այն հսկայական գրականությունը, որ այսօր պահվում է Հայաստանի գրադարաններում: Նրա խոսքերով, կթվայնացվեն ինչպես հնատիպ գրքերը, այնպես էլ ակադեմիական բոլոր ամսագրերը: Ըստ նրա, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը պարունակում է մատենագիտական գրառումներ մոտ 3 միլիոն գրքերի մասին: Նշենք, որ նախագծում հանրապետության մարզային գրադարաններն ընդգրկված չեն, քանի որ կապուղիներ չկան, սական Տ.Զարգարյանը հույս հայտնեց, որ ապագայում այդ գրադարանները ևս կընդգրկվեն:
Տ.Զարգարյանը տեղեկացրեց, որ «Բաց հասրակության ինստիտուտը» անցած 10 տարիների ընթացքում գրադարանների տեխնիկական վերազինման համար կատարել է շուրջ 300 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, այդ թվում` ձեռք են բերվել երկու «Սան 450» և մեկ Դելլ դասի սպասարկող կայաններ, գրադարանային գործընթացների ավտոմատացման, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ստեղծման «ԱԼԵՖ» ծրագրային համակարգը և այլն:
Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը հայտնեց, որ Իսահակյանի գրադարանը նույնպես միացել է այդ գործընթացին և մոտ 100 հազարից ավելի անուն գիրք արդեն մուտքագրվել է համացանցում: Նրա խոսքերով, գրադարանները ամենօրյա զարգացման մեջ են գտնվում, և Հայաստանը չպետք է հետ մնա այդ գործընթացներից: Նա նշեց նաև, որ 2011թ.-ի կեսերից Ավ. Իսահակյանի գրադարանը կանցնի էլեկտրոնային սպասարկման:
Իսկ այն հարցին, թե արդյոք ապագան էլեկտրոնային գրադարաններն են, Հ.Կարապետյանը պատասխանեց, որ աշխարհի տարբեր երկրների գրադարաններում է եղել, որոնք ունեն հազարավոր համակարգիչներով հագեցած ընթերցասրահներ, սակայն ամբողջ ֆոնդային հարստությունը պահպանվում է` որպես ազգային մշակույթի մաս: «Մենք էլ աշխարհին ներկայանում ենք մեր մշակույթով և գրականությամբ, ուստի պետք է պահպանենք այն, ինչ ունեցել ենք: Ուրախալի է, որ գրահրատարակիչները ընթերցողներին ֆիզիկական գրքերին զուգահեռ նաև էլեկտրոնային տարբերակներ են առաջարկում, սակայն ֆիզիկական գրքի հետ շփումը հոգեբանական մի այլ հարթություն է , որը երբեք չի կարելի համեմատել էլեկտրոնային գրքի հետ: Ինչպես արհեստական ծաղիկը բույր չունի, այնպես էլ էլեկտրոնսյին գիրքը կարող է չունենալ այն բարոյական-հոգեբանական հաճույքը, ինչ տալիս է գիրքը»,- նշեց Հ.Կարապետյանը: