Տ. Սարգսյան «4G/LTE նորարարությունը նոր խթան կհանդիսանա ՏՏ զարգացման համար»
«Դեռ 2 տարի առաջ ՏՏ զարգացման ցուցանիշներով Հայաստանը զիջում էր հարևաններին հասանելիության առումով, գներով և մրցակցային դաշտով, բայց վերջին 2 տարիների ընթացքում բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել: Համոզված եմ, որ 4G/LTE նորարարությունը նոր խթան կհանդիսանա ՏՏ զարգացման համար: Այսպիսի ներդրումներն օրինակելի են և մղելու են, որ այս ոլորտում կատարվեն նոր ներդրումներ և ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվելու ինչպես ՏՏ զարգացման, այնրես էլ սառողների համար»,- այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունում 4G/LTE (Long Term Evolution) ցանցի գործարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ շարժական հեռահաղորդակցության նոր սերնդի տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով մատուցել որակապես նոր և ավելի մեծ թողունակություն պահանջող ծառայություններ: Տեսականում ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է 150Մբիթ վայրկյանում, իսկ վերբեռնման դերքում՝ 50 Մբիթ վայրկյանում:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից գործարկված LTE տեխնոլոգիայի շնորհիվ Հայաստանը դասվելու է աշխարհի այն եզակի երկրների շարքին, որտեղ ներդրվել է 4G ցանց: Վերջինիս գործարկման շնորհիվ Հայաստանը կդառնա նաև հեռահաղորդակցային գրավիչ ենթակառուցվածք ունեցող երկիր: Այսօր 10-րդ երկիրն ենք, որ ներդրում ենք այսպիսի տեխնոլոգիա: Սկսում ենք Երևանից և 2011 թ-ին ավելի ուժեղ ու արագ քայլերով գնալու ենք դեպի Գյումրի ու Վանաձոր »,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ սկսվում է կոմերցիոն փորձնական փուլը, որի ընթացքում կատարվելու են ուսումնասիրություններ: 2011 թվականի մարտի վերջին փորձնական ռեժիմից անցում է կատարվելու կոմերցիոն ռեժիմի:
«Փորձնական ռեժիմում 4G-ն լինելու է անվճար: Ուսումնասիրությունները կատարելուց հետո կորոշենք, թե ինչ սակագներով է մտնելու շուկա: Այն չի լինելու ավելի թանկ, քան 3-րդ սերնդի առաջարկները»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
Ռալֆ Յիրիկյանի փոխանցմամբ, Հայաստանում 4G ցանցի ստեղծման համար
ներդրվել է 7-7.5 մլն դոլար, հաջորդ տարի ընկերությունը նախատեսում է ոլորտում ընդհանուր առմամբ ներդնել 55 մլն դոլար: