Կարեն Վարդանյան «Չլուծվող խնդիրներ չկան»
Երեկ Աղվերանում ավարտվեց «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորում՝ նվիրված Էլեկտրոնային առևտրի հիմնախնդիրներին /e-commerce/: Ֆորումի ընթացքում քննարկվեցին ՀՀ էլեկտրոնային փողերի կարգավորման, էլեկտրոնային առևտրի զարգացման և Էլեկտրոնային կառավարման (E-gov) ոլորտում առկա խնդիրները ու հեռանկարները։
Ֆորումին մասնակցեցին ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, Հայաստանում գործող առևտրային բանկերի և վճարային համակարգերի, ինչպես նաև արտերկրյա և հայաստանյան ՏՀՏ ընկերությունների, առևտրային բանկերի, բիզնեսի այլ ոլորտների, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ։
«Առաջին դրական գնահատականս վերաբերում է նրան, որ տեղի ունեցավ միանգամայն տարբեր ոլորտների, տարբեր շահեր ունեցողների շահագրգիռ քննարկում։ Ըստ էության, հաջողվեց որոշել որոշակի առաջնահերթությունները: Եղան նաև նոր առաջարկություններ, օրինակ՝ հիմնել ոլորտի շահերը պաշտպանող հատուկ շահերի պաշտպանության կառույց: Էլեկտրոնային առևտրի բնագավառում խնդիրները հստակեցնելու նպատակով որոշվեց նաև սկսել համագործակցությունը բանկային համակարգի հետ։ Չլուծվող խնդիրներ չկան: Հարցադրումը վերաբերում է նրան, թե ինչ կարգի ներդրումներ են պետք, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն և նվազեցվեն նաև ներդումային ռիսկերը»,- ամփոփելով հանդիպման արդյունքներն ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումի մասնակիցներն առանձնացրեցին այն խնդիրները, որոնց լուծման դեպքում հայկական էլեկտրոնային կոմերցիան կունենա զարգացման հնարավորություն: Առաջնահերթ խնդիրներից մասնավորապես նշվեցին Հայաստանում Visa վճարային քարտերի պրոցեսինգային կենտրոնի բացակայությունը և merchant հաշվեհամարների ստացման դժվարությունները, ինչպես նաև ArCa վճարային համակարգի վիրտուալ քարտի խոչընդոտները:
Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանն իր ելույթում նշեց, որ դրական արդյունքի համար համագործակցությունը պետք է լինի բազմակողմանի, այսինքն ՝ ՏՀՏ ոլորտի ընկերությունները, հայկական բանկերի և էլեկտրոնային տարբեր ծառայություններ առաջարկող ընկերությունների ներկայացուցիչները համատեղ պետք է մշակեն գործողությունների հստակ ռազմավարություն:
Նշենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը կազմակերվում է 2007թ.-ից և նպատակ ունի մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները: Հանդիպում-ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունը` ՀՀ կառավարության և USAID/CAPS-ի աջակցությամբ:
Նախորդող նորությունները` http://panorama.am/am/IT/2010/12/18/it-aghveran/
http://panorama.am/am/IT/2010/12/18/caps/
http://panorama.am/am/economy/2010/12/20/forum/