Հանդիսավոր նիստ` նվիրված Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի հիմնադրման 20-րդ տարեդարձին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ տեղի է ունեցել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի հիմնադրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ: Այս մասին տեղեկացանք Մ. Ա. Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Նիստին ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականներ, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանի բացման խոսքից հետո շնորհավորանքի խոսք է ասել ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով հոգևոր կրթության կարևորությանը` նախարարը նշել է .«Հոգևոր կրթությունն իրականում միշտ արդիական, ապագային միտված և իր պահանջարկն ունեցող կրթություն է, հատկապես 21-րդ դարում, որն արդեն բազմաթիվ վերլուծաբանների կողմից հոռետեսորեն բնորոշվում է որպես մի դար, երբ մարդիկ կփորձեն ավելի հեռանալ Աստծուց»:
Ա. Աշոտյանը Նորին Սրբությանը հանձնել է ՀՀ ԿԳ նախարարության ոսկե հուշամեդալը` ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ունեցած բացառիկ առաքելության, երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության, կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար:
Ապա ՀՀ Կրթության և գիտության նախարարության շնորհակալագրեր են հանձնվել Գևորգյան ճեմարանի և Վազգենյան դպրանոցի վաստակաշատ մի խումբ դասախոսների:
Հանդիսության ընթացքում շնորհավորանքի խոսք է ասել նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: Դպրանոցի շրջանավարտների անունից հանդես է եկել Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Լսվել են նաև Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի, Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռագրատան տնօրեն Գևորգ Տեր-Վարդանյանի բանախոսությունները Սևանի դպրանոցի պատմության վերաբերյալ:
Գիտաժողովի ավարտին ներկաներին օրհնության իր խոսքն է ուղղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Աստծո զորակցությամբ էր, որ իրականություն դարձավ հոգևոր կրթական այս օջախը հաստատելու մեր երազը:
Այսօր անհուն երախտագիտություն ենք ապրում, որ կայացավ և ազգային եկեղեցական մեր անդաստանում իր հունձքը տվեց Սևանի Վազգենյան դպրանոցը, որը դարձավ դարեր ի վեր Սևանավանքում գործած և հոգեմտավոր բեղուն ու նշանակալի առաքելությամբ հայտնի վարդապետարանի ժառանգության և ավանդների շարունակողը: ...20 տարիների ընթացքում դպրանոցը կրթել է եկեղեցականներ, ձևավորել նրանց իբրև հավատավոր հայորդաց հոգևոր մատռվակներ: Ի խորոց սրտի մեր աղոթքն է, որ ամենակալ Տերը հաջողության առաջնորդի Առաքելական մեր սուրբ եկեղեցու կրթական հաստատությունները, իր ամենախնամ Աջի հովանու ներքո պահպանի տեսչական ու դասախոսական կազմը և սիրելի սաներին, իր երկնառաք օրհնությունն անպակաս դարձնի ուսումնակրթական մեր հաստատություններից ներս: Թող Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը միշտ մեզ հետ լինեն այսօր և հավիտյանս, ամեն»:
Եզրափակելով խոսքը` Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել դպրանոցի կայացման և գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան