Թուրք պատգամավոր. Կամ արձանագրությունները հանեք մեջլիսից, կամ սկսեք վավերացման գործընթացը
Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) Անկարայի պատգամավոր Ահմեթ Դենիզ Բոլուքբաշն արտգործնախարարության 2011-ի բյուջեի քննարկմանը նվիրված խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է նաև հայ-թուրքական արձանագրություններին: Հիշեցնելով, որ արձանագրությունները խորհրդարանից հանված չեն` Բոլուքբաշն ասել է. «Կամ արձանագրությունները հանեք մեջլիսից կամ էլ, եթե չկա այդպիսի մտադրություն, վավերացման գործընթաց սկսեք ու «ԱԶԿ»-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն) պատգամավորներին հնարավորություն տվեք պատվի ու արժանապատվության քննություն անցնել»:
Ընդդիմադիր պատգամավորը ցյուրիխյան արձանագրությունները գնահատել է որպես թուրքական իշխանությունների քաղաքական կյանքի ամենամեծ անփութություն: Նա մեղադրել է իշխանություններին արձանագրությունների հարցում հապաղելու մեջ` ընդգծելով, որ միգուցե դա միտումնավոր ձգձգում են մինչև 2011-ի խորհրդարանական ընտրությունները:
Հիշեցնենք, որ «ԱՇԿ»-ն երկրորդ ընդդիմադիր ուժն է (70 պատգամավոր) Թուրքիայի խորհրդարանում` հաջորդելով ժողովրդահանրապետականներին: «MHP»-ն համարվում է թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը: Կուսակցապետը Դենիզ Բահչելին է: