Թուրքիայի կառավարության խոսնակ. Ամեն ապրիլի24-ի նախաշեմին այս թեման կախվում է մեր գլխին
Թուրքիայի կառավարության խոսնակ, պետնախարար և վարչապետի օգնական Ջեմիլ Չիչեքը նախարարական խորհրդի ժողովից հետո հանդիպել է լրագրողների հետ: Խոսելով Հայոց ցեղասպանության բանաձևի` ԱՄՆ կոնգրեսում հնարավոր օրակարգայնացման մասին` Չիչեքն ասել է. «Ամեն ապրիլքսանչորսի նախաշեմին այս թեման կախվում է մեր գլխին: Ճիշտ չեմ համարում, որ մեզ անհանգստացնող այդ հանգամանքն անընդհատ որպես գործիք է օգտագործվում մեր դեմ»:
Թուրք պետնախարարն իր խոսքում ընդգծել է թուրք-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը և դրանց հասցվելիք վնասի հավանականությունը:
Հիշեցնենք, որ հայկական բանաձևի դեմ ուղղված թուրքական պետական արշավի ժամանակ պատկան մարմիններն արդեն կատարել են հետևյալ քայլերը.
• ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանն անձամբ զանգահարել է կոնգրեսականներին և հորդորել ընդառաջ չգնալ հայկական բանաձևին:
• Արտգործնախարար Դավութօղլուն նույն թեմայով հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ:
• Վարչապետ Էրդողանը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Օբամային` Ցեղասպանության բանաձևը Կոնգրեսի լիագումար նիստում չներառելու կոչով: