«Մինչև ուսանողները չգիտակցեն, որ գնահատականի համար չպետք է վճարեն, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարել հնարավոր չի լինի»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, խոսելով բուհում կաշառակերության դեմ տարվող պայքարի մասին, նշեց, որ բուհում միշտ էլ պայքարել են կաշառակերության դեմ: «Իմ ղեկավարության տարիներին, այս 5 տարիների ընթացքում ես 18 դասախոս եմ հեռացրել աշխատանքից»,-ասաց նա:
ԵՃՇՊՀ-ի ռեկտորը կաշառակերության դեմ տարվող պայքարում կարևորեց կապը ուսանողական խորհրդի, և առհասարակ, ուսանողների հետ:
«Ռեկտոր և ուսանող փոխհարաբերություններում միշտ պետք է վստահություն լինի: Ուսանողները բուհուկ տեղի ունեցող ցանկացած նեգատիվ երևույթի ժամանակ ազատ կարողանում են հանդիպել ինձ հետ, որի արդյունքում համատեղ պայքարում ենք բուհում տեղի ունցող բացասական երևույթների դեմ»,- հավելեց նա:
ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ ԵՊՀ-ում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար համագործակցում են ուսանողական խորհուրդների, ուսանողական կազամկերպությունների հետ:
«Ուսանողն ինքը պետք է հասկանա, որ կրկնակի վնաս է կրում այն դեպքում, այն դեքում, երբ վճարում է որոշակի գումար ուսում ստանալու համար, և չի ստանում անհրաժեշտ գիտելիքները , ու այդքանից հետո վճարում է գնահատական ստանալու համար»,- ասաց նա և հավելեց, որ մինչև ուսանողները չգիտակցեն, որ գնահատականի համար չպետք է վճարեն, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարել հնարավոր չի լինի: