Ադրբեջանցիները Ստամբուլից մաքսանենգ գումարներ են տեղափոխել զենք գնելու համար. Նախաքննության վարկած
Երեք ադրբեջանցու և մեկ իրանցու կողմից Ստամբուլից Ռուսաստան տեղափոխած ճամպրուկներով գումարը, չի բացառվում, որ նախատեսված է եղել ահաբեկիչների համար, գրում է «Վզգլյադ»-ը:
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ Վնուկովո օդանավակայանում սահմանապահները ձերբակալել էին Ադրբեջանի երեք և Իրանի մեկ քաղաքացիների, որոնք 2 տասնյակ միլիոն դոլարի հասնող գումար փորձել են ճամպրուկներով, անօրինական ճանապարհով, ներմուծել Ռուսաստան (14,5 մլն դոլար և 4,12 մլն եվրո):
Ռուսաստանցի իրավապահներն օրինախախտների նկատմամբ մեղադրանք են առաջադրել` ՌԴ ՔՕ. 188-րդ հոդվածի 1-ին մասով` «Մաքսանենգություն» և, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը: Քրեական հոդվածը հանցագործների համար նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում:
«Այդ քանակությամբ կանխիկ գումար կարող է ուղղվել ինչպես բանկ, այնպես էլ հանցագործ խմբավորման ֆինանսավորման համար, ասենք` զենքի գնման կամ ահաբեկչական գործողության ֆինանսավորման համար», -ռուսական «Վզգլյադ»-ին ասել են ՌԴ մաքսային ծառայությունից:
«Ադրբեջանի երեք քաղաքացի և Իրանի մեկ քաղաքացի մաքսային անցակետն անցնելու ժամանակ ձերբակալվել են: Նրանք չորս ճամպրուկներում և չորս պայուսակներում թղթադրամներ են թաքցրել: Զննան ժամանակ նրանց մոտ հանաբերվել է 14, 5 մլն ԱՄՆ դոլար 100 դոլարանոց թղթադրամներով և 4,12 մլն եվրո` 500 եվրո թղթադրամներով», -լրատվամիջոցին մանրամասնել է գերատեսչության աշխատակիցը:
Քննիչների տվյալներով, գումարների ընդհանուր կշիռը կազմում է 400 կգ: «Ամենայն հավանականությամբ ձերբակալվածները չեն մտածել, թե իրենց կզննեն», նկատել է ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցը:
ՌԴ Մաքսային ծառայությունում դժվարացել են հիշել, որ վերջին տարիներին մաքսանենգ ճանապարհով այդքան հսկայական գումար հայտնաբերված լինի: Այժմ իրավապահները պարզում են` ում են պատկանում այդ մաքսանենգ գումարները, ով և ինչ նպատակով է որոշել դրանք անցկացնել սահմանով:
«Դատելով ամենից, եղել է ձև, եղել են պայմանավորվածություններ, որոնք այս պարագայում չեն աշխատել: Այդպիսի պայմանավորվածությունները մի ամբողջ շղթա են կազմում և այդպիսի գումարները սովորաբար դիմավորում են դիվանագիտական մեքենաներով կամ հատուկ ծառայությունների մեքենաներով», -իր հերթին ասել է հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Կիրիլ Կաբանովը: