Իրանցի հայտնի ռեժիսորին դատապարտել են ու արգելել 20 տարի ֆիլմ նկարահանել
Իրանական դատարանը հայտնի կինոռեժիսոր Ջաֆար Փանահին 6 տարվա ազատազրկման է դատապարտել, նաև արգելել է նկարահանել ֆիլմեր: Ջաֆար Փանահը 20 տարի երկիրը լքելու իրավունք չունի: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով կինոգործչի փաստաբանին:
«Փանահին 6 տարվա ազատազրկման են դատապարտել նրա ծավալած գործունեության և պրոպագանդայի համար` ուղղված Իրանի նախագահի, գործող իշխանությունների դեմ: Նրան նաև արգելել են նկարահանել ֆիլմեր, գրել սցենարներ, գնալ արտասահման և շփվել տեղի ու արտասահմանյան ԶԼՄ-ների հետ 20 տարի»,- ասել է ռեժիսորի փաստաբանը, ապա հավելել, որ իրենց կարծիքով, շատ խիստ վճիռ է կայացվել ու մտադիր են բողոքարկել այն:
Կաննի, Վենետիկի, Բեռլինի հեղինակավոր փառատոների մրցանակակիր Ջ. Փանահը հայտնի է որպես քաղաքական ակտիվիստ: Նախորդ տարվա ամռանը նա ակտիվորեն աջակցել է իրանական ընդդիմության` հանդես գալով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` երկրորդ անգամ նախագահ ընտրվելու դեմ: Այս տարվա մարտի սկզբին կինոռեժիսորը ձերբակալվել էր, բայց մայիսին գրավի դիմաց ազատ արձակվել: Ի պաշտպանություն Զ. Փանահի, հանդես են եկել հոլիվուդյան հայտնի ռեժիսորներ ու դերասաններ: