Ապօրինի շինարարություն հանդուրժող համայնքապետերը կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը եւ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույց»: Ինչպես այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, հայեցակարգով նախանշված են 2011թ.-ին իրականացվելիք միջոցառումները, ինչը հնարավորություն կտա ինքնակամ շինարարության դեմ պայքարի աշխատանքներն էլ ավելի ուժեղացնել:
Ըստ նրա, հայեցակարգով նախատեսված անհրաժեշտ միջոցառումների իրականացմամբ ակնկալվում է բարձրացնել ինքնակամ շինարարության դեմ պայքարի արդյունավետությունը, հստակեցվելու են ոլորտի նկատմամբ պետական վերահսկողություն եւ հսկողություն իրականացնող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն ու պարտականությունները: Բացի դրանից, Վ.Վարդանյանի խոսքերով, խստացվելու են ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: «Խստացվելու է նաև համայնքների ղեկավարի պատասխանատվությունը։ Դա նշանակում է. որ ապօրինի կառույցներ հանդուրժող համայնքապետերը այսուհետ ոչ միայն տուգանքներ կվճարեն, այլև տարվա ընթացքում երկու անգամից ավելի նման խախտում թույլ տալու դեպքում անգամ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել».- ասաց նախարարը։
Նշվեց նաև, որ Քաղաքաշինական պետական տեսչության տարածքային բաժիններն այս տարի քննել են 1365 գործ: Տարվա ընթացքում նշանակվել է 53 միլիոն 950 հազար դրամ տուգանք, այդ թվում 8 համայնքների ղեկավարներ տուգանվել են 50-ից 200 հազար դրամ: «Քաղաքաշինական տեսչությունն իր գործունեությունը մեկ անգամ ևս վերանայել է, տեսչությանը խիստ հանձնարարականներ են տրվել, և համոզված եմ, որ 2011թ.-ին հանրապետությունում իրականացվող շինարարության որակի, և ինքնակամ շինարարության դեմ պայքարում ավելի խիստ մոտեցումներ են ցուցաբերելու»,- նշեց Վ.Վարդանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան