Իտալացի ռեժիսորի մատուցմամբ «Աիդան» վաղը կվերադառնա ազգային ակադեմիական թատրոնի բեմ
Առաջին անգամ Ջուզեպե Վերդիի անկրկնելի «Աիդան» բեմադրվել է 1871 թվականին Կահիրեում, իսկ Հայաստանի հանդիսատեսն այն ունկնդրել է 1941-ին` Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Եվ ահա 69 տարվա ընդմիջումից հետո «Աիդան» դարձյալ նույն բեմում է` իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադիի ներկայացմամբ. դեկտեմբերի 23-ին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն այցելած հանդիսատեսը կտեսնի, թե ինչպե՞ս է իտալացի ռեժիսորը տեսնում եգիպտացի զորավարի և ստրկուհու դժբախտ սիրո պատմությունը:
Նախագծի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը և հենց այս ընկերության լրատվական ծառայությունից էլ տեղեկանում ենք ներկայացման հետ կապված մի շարք մանրամասներից:
«Աիդան» վերադարձել է բեմ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձ հովանու ներքո, ինչպես նաև մեր երկրում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, «ԱրտԹիմի» նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր գործընկերությամբ:
Իտալացի հանճարեղ կոմպոզիտոր Վերդիի գլուխծգործոցը հայ հանդիսատեսին, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերին ներկայացնելու համար Հայաստանի առաջատար բջջային օպերատորը տրամադրել է 217 միլիոն դրամ:
Իսկ ինչ վերաբերում է հենց ներկայացմանը, ապա հայաստանցի հանդիսատեսն այն երկարամյա ընդմիջումից հետո դիտելու հնարավորություն կունենա դեկտեմբերի 23-ից 26-ը և կարելի է ակնկալել, որ պրեմիերան լինելու է հետաքրքիր ու անակնկալներով լի:
Բավական է միայն նշել, որ դեկտեմբերի 23-ին օպերայի առաջնախաղը կներկայացնեն աշխարհահռչակ կատարողներ` Վիեննայից հրավիրված սոպրանո Հասմիկ Պապյանը և Մյունխենից` տենոր Գեորգի Օնիանին: Ի դեպ, Մարիո Կոռադին վերջին անգամ «Աիդան» բեմադրել է ինը տարի առաջ Մարսելում, որտեղ Աիդայի դերերգը կատարել է Հասմիկ Պապյանը և հենց երգչուհու կատարողականությամբ տպավորված` իտալացի բեմադրողը հիացած է հայկական վոկալ դպրոցի հնարավորություններով:
Հաջորդ երկու օրերին` դեկտեմբերի 25-ին և 26-ին, աշխարհահռչակ օպերան կներկայացնեն Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Մարինե Դեինյանը, Սարգիս Աղամալյանը և Ռուբեն Նուրիջանյանը:
«Օպերային թատրոն ունեցող ազգերը դասվում են ժամանակակից քաղաքակիրթ ազգերի շարքին, իսկ հայերիս համար օպերան մշակութային մեծ արժեք է: Վերդիի
«Աիդա»- ի նման գլուխգործոց բեմադրելու Օպերային թատրոնի հնարավորությունը վկայում է Հայաստանի սոցիալական և մշակութային ոլորտների բարձր մակարդակի մասին:
Ազգային արժեք ունեցող նման միջոցառումներ հովանավորելու գործում ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ դրանով մենք նպաստում ենք երկրում ժամանակակից արվեստի, մշակութային երկխոսության և մշակութային նորարարության զարգացմանը: Իսկ որ առավել կարևոր է, նման ձեռնարկների շնորհիվ աճում է երգիչների, դերասանների, կատարողների, ինչպես նաև օպերան սիրողների նոր սերունդ: Սա մի արժեք է, որը մենք պետք է պահպանենք»,- սա ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կարծիքն է, որի աջակցությամբ էլ թատերասեր հասարակությանը նման տոն է սպասվում:
Նշենք, որ պրեմիերայից հետո «Աիդա»-ն կընդգրկվի Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները