Վ. Սարգսյան. «Բանավոր քննությունը պարարտ հող է կոռուպցիայի համար»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով բուհերում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին նշեց, որ չի կարելի ժխտել, որ բուհերում կոռուպցիա կա: «Բուհերում պետք է մշակվի հատուկ ռազմավարություն կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Նախևառաջ պետք է փոխվի ուսանողների և դասախոսների մտածելակերտը»,- ասաց նա:
Վ. Սարգսյանը հայտնեց, որ բուհում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար արդեն չորս տարի է բուհում բացառվում են բանավոր քննությունները, այժմ միայն մագիստրատուրայի երկրորդ կուրսում է անցկացվում բանավոր քննություն, որն էլ հաջորդ տարի նույնպես կբացառվի:
Ըստ բանախոսի, բանավոր քննությունը պարարտ հող է կոռուպցիայի համար: Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը նշեց, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար բուհում քննությունների մեծամասնությունն անցկացվում է թեստային համակարգով: Նա նշեց, որ մոտ 100 առարկայից թեստային սկզբունքով են քննություններն անցկացվում, իսկ մոտ 30 առարկայի քննությունն անցկացվում է համակարգչով, իսկ այս դեպքում դասախոսի մասնակցությունը բուն քննության գործընթացին զրոյի է հավասարեցված:
Վ. Սարգսյանի խոսքով, բուհում կոռուպցիոն ռիսկերը կարել է նվազեցնել բարձրացնելով դասախոսների աշխատավարձերը: «Մեր բուհում վերջին 4 տարիների ընթացքում դասախոսների աշխատավարձը էականորեն բարձրացել է, և այսօր մեր համալսարանում դասախոսի միջին աշխատավարձը կազմում է 300 հազար դրամ»,- ասաց նա: Վ. Սարգսյանը նշեց, որ բուհում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար շատ կարևոր է ուսանողների և ռեկտորատի համագործակցությունը:
Բանախոսը հայտնեց, որ վերջին երկու կամ երեք տարիների ընթացքում բուհից հեռացվել է 2-3 դասախոս`դասախոսին ոչ վայել պահվածքի համար: