Դոնի Ռոստովում կայանալու է հայկական երաժշտությանը նվիրված համերգ
Դոնի Ռոստովի մեծ ֆիլհարմոնիկ դահլիճում գալիք հունվարի 26-ին նախատեսված է հայկական երաժշտությանը նվիրված համերգ: Այս մասին հաղորդում է «Miasin.ru» կայքը, հղում անելով, տեղի հայկական մշակութային կենտրոնի տարածած տեղեկատվությանը:
«Տաճարի ճանապարհին…» խորագրով միջոցառման կայացմանը, ի թիվս այլ հովանավորների, օժանդակել է նաև Դոնի Ռոստովի հայկական ազգային-մշակութային «Ապագա» կենտրոնը:
Համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը Ինգուշետիայի հանրապետության վաստակավոր արտիստուհի, համառուսական երաժշտական հանրության վաստակավոր գործիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Ջանիկյանն է:
Ծրագրում լինելու են ոչ միայն հայկական հոգևոր, դասական ու ժողովրդական երաժշտության գլուխգործոցներ, այլև Մելանյա Գրիգորյանի կատարմամբ հնչեցվելու են հայ դասական պոեզիայի լավագույն ստեղծագործություններից:
Միջոցառմանը մասնակցելու են միջազգային մրցույթների դափնեկիր Յուլիան Սելիցկին (դաշնամուր), Գրիգորի Օսմանյան (Բայան), Ալեքսան Սաղաթելյան (դուդուկ), Արմեն Սաղաթելյան (հարվածային, կլարնետ) և այլն: