Թուրք ռեկտորը սպառնացել է դատարանի միջոցով կարգի հրավիրել ադրբեջանցի պաշտոնյանին
Իգդիրի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Իբրահիմ Հաքքը Յըլմազը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ փորձել է պարզաբանումներ տալ այդ համալսարանում հայոց լեզվի և գրականության բաժին բացելու շուրջ ծավալված քննարկումների վերաբերյալ: Ըստ «Ermenihaber.am» լրատվական կայքի` ռեկտորը հայտնել է, որ հասարակական թյուրընկալում կա այդ հարցի առնչությամբ: Նա ևս մեկ անգամ հստակեցրել է համալսարանի կողմից այդօրինակ ծրագիրը կյանքի կոչելու անհրաժեշտությունը` հիմնավորելով Թուրքիայում հայերենի իմացությամբ բավարար թվով մասնագետներ չլինելու հանգամանքով:
Յըլմազը նշել է, որ հայերի քարոզչության դեմ պայքարելու, պատմական խնդրահարույց թեմաների շուրջ ուսումնասիրություններ կատարելու համար խիստ կարիք կա հայերեն լեզվի իմացությամբ մասնագետների: Այդ իսկ պատճառով էլ համալսարանը նպատակադրվել է ի շարս պարսկերեն, արաբերեն, վրացերեն, ռուսերեն և այլ լեզուների, բացել նաև հայոց լեզվի ու գրականության բաժին:
Հիշեցնենք, որ Իգդիրի համալսարանի այդ նախաձեռնությունը բնավ դուր չէր եկել ազերիներին: Մասնավորապես ադրբեջանական սփյուռքի ղեկավար Իսմաիլ Աղաևը համալսարանի ռեկտորի հայտարարությունը որակել էր հետևյալ արտահայտություններով` անհաջող, չափն անցած և թերի իրազեկված: Ռեկտոր Յըլմազն Աղաևից պահանջել է չեղյալ հայտարարել իր այդ խոսքերը, այլապես դատարանի միջոցով կփորձի կարգի կհրավիրի սանձարձակ ադրբեջանցուն: