Ադրբեջանում թաքցվում է կին բանտարկյալների թիվը
Ադրբեջանում վերջին տարիներին աճում է կին բանտարկյալների թիվը: «Ենի Մուսավաթ»-ին հասած տեղեկություններով, աճել է կանանց կողմից կատարված հանցագործությունների թիվը:
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, հանցագործություն կատարած կանանց թիվը 1995 թ-ին եղել է 1171, 2005 թ-ին` 2520, 2009 թ-ին` 2665 հոգի: Նրանք հիմնականում դիտավորյալ սպանության, սպանության փորձի, գողության, թալանի, ավազակության, խարդախության, խուլիգանության, կաշառակերության եւ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների հերոսներ են: Եթե Ադրբեջանում դատապարտված կանանց թիվը 1995 թ-ին եղել է 775 հոգի, 2009 թ-ին այն կազմել է 1189 հոգի:
Ադրբեջանի արդարադատության նախարարության ուղղիչ ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մեհման Սադըգովը թերթի հետ զրույցում ասել է, որ իրենց ծառայությունն այլեւս տեղեկություններ չի հայտնում կին բանտարկյալների թվի մասին:
«2010 թ-ից սկսած, մեր ծառայությունը կին բանտարկյալների մասին տեղեկություն չի հրապարակում: Միայն այն կարող եմ ասել, որ կին բանտարկյալների թիվը շատ քիչ է»,- ասել է նա: Ի պատասխան պաշտոնյայի ասածի` թերթը նշում է, որ Ադրբեջանում գտնվող կանանց գաղութը 4 բաժանմունք ունի: