Գյուլ. Շարունակվում է և անձայն, և բարձրաձայն դիվանագիտությունը
Ստամբուլում անցկացված «Տնտեսական համագործակցություն կազմակերպության» 11-րդ գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հանդիպել է լրագրողների հետ: Անդրադարձ է եղել հայ-թուրքական թեմային. Այն հարցին, թե արդյոք շարունակվում է մի քանի ամիս առաջ հայտարարված անձայն դիվանագիտությունը, Գյուլը պատասխանել է. «Շարունակվում է և բարձրաձայն, և անձայն դիվանագիտությունը: Մոսկվայում հանդիպեցին պրն Մեդվեդևը, պրն Սարգսյանը և պրն Ալիևը: Բացի դրանից այլ աշխատանքներ ևս կան: Դժվար խնդիրները հեշտ չեն լուծվի: Համառություն է հարկավոր դրանց լուծման համար: Ներկայիս ստատուս քվոն ոչ մեկի շահերից չի բխում»: