«Կրթական ոլորտը դեռևս չունի տնտեսության մրցունակության բարձրացման պլատֆորմին ինտեգրված զարգացման ռազմավարություն»
Վերջին շրջանում Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվել են նկատելի բարեփոխումներ, սակայն ոլորտը դեռևս չունի տնտեսության մրցունակության բարձրացման ընդհանուր պլատֆորմին ինտեգրված զարգացման հստակ ռազմավարություն: Ինչպես նշված է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից ներկայացված Հայաստանի ազգային մրցունակության երրորդ զեկույցում` նվիրված բարձրագույն կրթության մարտահրավերներին, առավել մտահոգիչ է այն, որ ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերի շրջանում դեռևս չկա անվերապահ համաձայնություն համաշխարհային մակարդակով մրցունակ բարձրագույն կրթության համակարգ ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ: Այնուհանդերձ, նրանց ավելի ու ավելի մեծ մասն է սկսում զգալ այս ուղղությամբ գործողությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով մրցունակության և կրթության փոխկապակցվածությունը` Ազգային մրցունակության զեկույցը շեշտադրում է, որ Հայաստանի նոր տնտեսական մոդելը պետք է հիմնվի մարդկային կապիտալի զարգացման վրա, որն էլ իր հերթին հիմնվում է դինամիկ կրթական համակարգի վրա:
Ըստ զեկույցի, Հայաստանի նոր տնտեսական մոդելը իրատեսական է հիմնել երեք մրցակցային առավելությունների վրա, որոնք բոլորը միասին կարող են Հայաստանի համար ապահովել եզակի դիրքավորում աշխարհում: Այս առավելությունները, այն է` գիտելիքի, ցանցային և արժեքային/էթիկական առավելությունները, ձևավորվելու են մարդկային կապիտալի զարգացման արդյունքում և որոնք իրենց հերթին նպաստում են այդ կապիտալի զարգացմանը:
Նոր տնտեսական մոդելի վերոհիշյալ տեսլականը նաև հիմնավորում է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը բարելավելու հրատապությունը` այն համաշխարհային մակարդակով մրցունակ դարձնելու համար: Դա առնվազն չորս կարևորագույն դրդապատճառ ունի` տաղանդի և գիտելիքների վրա հիմնված ինքնուրույն տնտեսություն կառուցելու ունակություն, տաղանդի վրա հիմնված տնտեսության առկայությունը Հայաստանում, տաղանդներ գրավելու և պահելու ունակություն, միջազգային շուկայում բարձրագույն կրթական ծառայություններ տրամադրելու ունակություն: