«Արարատից Սիոն» ֆիլմը «Հոգևոր արժեքների վերահաստատման համար» արժանացել է 1-ին կարգի դիպլոմի
«Արարատից Սիոն» ֆիլմը կինո և հեռուստատեսային ծրագրերի «Ռադոնեժ» XV կինոփառատոնում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի` «Հոգևոր արժեքների վերահաստատման համար»:
Այս մասին տեղեկացանք «Վեմ Մեդիա արվեստներ» պրոդյուսերական կենտրոնի պաշտոնական կայքից:
«Ռադոնեժ» կինոփառատոնը, որին մասնակցում են հոգևոր-բարոյական բովանդակության ֆիլմեր, տեղի է ունեցել նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը, Մոսկվայում: Այս կինոփառատոնին մասնակցող գործերը պետք է գեղարվեստականորեն ներկայացնեն հասարակության և անհատի` իբրև մշակութային լավագույն ավանդույթների ժառանգորդի կյանքը, ավանդույթներ, որոնք հարյուրամյակներ շարունակ խարխսված են եղել քրիստոնեական ուղղափառ աշխարհայեցողության վրա:
«Արարատից Սիոն» ֆիլմը ներկայացնում է հայերի համամարդկային ներդրումը աշխարհի կենտրոնում և մի պատմություն է, որը գրված է ոչ թե մեր, այլ աշխարհի կողմից: Ֆիլմի միջոցով փորձում է արվել կառուցել հայ ժողովրդի պատկերը, միջազգային դիմանկարը այլ ժողովուրդների կողմից մեզ հասած պատմագրական տվյալների միջոցով: Կինոնկարում գործածված պատմական տվյալների զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ: Ֆիլմում օգտվել են հունական, ասորական, արաբական, եբրայական աղբյուրներից:
Պատմության հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհներով և իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: Ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է, և ֆիլմի տեքստը պատմում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը: Ֆիլմում հնչում է այսօր համաշխարհային կինոյի ամենահայտնի երաժշտական հանճար Լիզա Ջերարդի ձայնը: Ֆիլմի ռեժիսորը Էդգար Բաղդասարյանն է, սցենարի հեղինակը` Տ. Մեսրոպ քահանա Արամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները