«Freedom House» – ը կոչ է անում արևմուտքին վերականգնել պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ
Ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ողջունել է Միացյալ Նահանգների ու Եվրամիության համատեղ հայտարարությունը Բելառուսի ընտրությունների վերաբերյալ և կոչ է անում վերականգնել Մինսկի նկատմամբ պատժամիջոցները, եթե Բելառուսի իշխանությունները անհապաղ քայլեր չձեռնարկեն ընդդիմության հանդեպ իրականացվող ճնշումները դադարեցնելու ուղղությամբ:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Եթե Բելառուսի իշխանությունները երկու շաբաթվա ընթացքում հակառակ միջոցներ չձեռնարկեն, Եվրամիությունը պետք է վերականգնի 2008 թ-ին կասեցված պատժամիջոցները Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ: Ներկայիս իրավիճակը շատ ավելի ճգնաժամային է, քան 2006 թ-ին, երբ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը միժամանակ պատժամիջոցներ կիրառեցին», - հայտարարել է «Freedom House» - ի ղեկավար Դևիդ Քրեմերը:
Հիշեցնենք, ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը համատեղ հայտարարություն էին տարածել Բելառուսի նախագահական ընտրություններին հետևած ձերբակալությունների ու խոշտանգումների առնչությամբ: Հայտարարությունում դատապարտվում էր իշխանությունների կողմից ուժի ոչ համարժեք կիրառումն ու կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել նախագահի նախկին թեկնածուներին ու լրագրողներին: