Ս. Հարությունյանն ընդունում է վերահսկողականի մեղադրանքները, բայց. «Ինչպե՞ս պետք է աշխատեի առանց սեղան-աթոռի»
Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության բացահայտած խախտումների հետևանքով Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը չի պատրաստվում հրաժարվել այդ պաշտոնից, ծառայության կողմից տրված է 17 կետից բաղկացած հանձնարարական, դրա պահանջները կատարվում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ի պատասխան Panorama.am-ի հարցի, հայտարարեց կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը: «Գումարների վերականգնման մասին խոսք չկա, դրանք ծախսվել են նպատակային»,-ասաց Ս. Հարությունյանը, նշելով, որ պահանջների կատարման համար վերջնաժամկետ է տրվել 2011-ի մարտ ամիսը, այս պահի դրությամբ դրանց մեծ մասը կատարված է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ներկայացնելով տարեկան հաշվետվություն, հայտարարեց, որ Գիտության պետական կոմիտեում լուրջ չարաշահումներ http://www.panorama.am/am/education/2010/12/24/comite/ են եղել` ֆինանսավորվել են փորձաքննություն չանացած թեմաներ, միևնույն թեմայի համար եղել է կրկնակի ֆինանսավորում, գիտական աշխատության համար տրամադրված գումարով կոմիտեն գույք է գնել, բյուջեի 85-95 տոկոսը հատկացվել է աշխավարձի վճարման համար:
Ս. Հարությունյանը համարում է, որ այս խախտումների պատճառները օբյեկտիվ են ու սուբյեկտիվ, պատճառներից մեկն էլ այն է, որ կոմիտեի լիազորությունները սահմանափակ են: Կոմիտեն բյուջեի 85-95 տոկոսը աշխատավարձ է վճարել, որպեսզի գիտնականը չստանա 28 հազար դրամ ամսական աշխատավարձ: Հարությունյանն ասաց, որ աշխատավարձին բաժին ընկնող մասը գնալով նվազում է, իսկ մի շարք գիտական աշխատանքների պարագայում աշխատավարձի չափը հասցվել է բյուջեի 60 տոկոսին, ինչը ընդունված ցուցանիշ է:
Ինչ վերաբերում է թեմատիկ կրկնություններին, ապա Ս. Հարությունյանն ասաց, որ այդ խնդրի մասին ինքն ավելի վաղ է բարձրաձայնել վարչապետի մոտ, զեկուցում է կարդացել: «Այստեղ ևս սոցիալական խնդիրներ կան»,-ասաց բանախոսը, նշելով, որ ֆինանսավորման նոր մշակված կարգերի ընդունման դեպքում այդ դեպքերը կբացառվեն, իսկ աշխատավարձերի ֆոնդն էլ նորմալ կլինի, թեմաները 5 անգամ կկրճատվեն` հասնելով 120-ի:
Գիտական ծրագրերին հատկացրած գումարներով գույք է գնվել, քանի որ նոր մասնաշենք տեղափոխված կոմիտեին կառավարությունը հրաժարվել է ֆինանսական միջոցներ տրամադրել գույք գնելու համար` պատճառաբանելով, թե ֆինանսատնտեսական ճգնաժամ է:
«76 մլն դրամից 24 մլն է ծախսվել գույքի գնման համար: Պատկերացրեք հետևյալ պատկերը, ստեղծվել է մի կառույց, որի վրա դրված է շատ լուրջ պարտականություն` գիտության պետական քաղաքականություն մշակող և իրականացնող մի կառույց, և այդ կառույցին ոչ սեղան, ոչ աթոռ չի տրամադրվում: Ինձ մոտ ամեն շաբաթ որևէ երկրի ներկայացուցիչ ու պատվիրակություն է գալիս, ես ինչպե՞ս պետք է այս մարդկանց հետ աշխատեի առանց սեղան-աթոռի»,-ասաց Ս. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան