Գիտնականները շատ չեն, դրանից պակասը վտանգավոր է. Ս. Հարությունյան
Անցնող տարում գիտության ոլորտում բավականին նոր բաներ են եղել: Այսօր ամփոփելով տարին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա հատկապես կարևորում է հիմնարար փաստաթղթերի ընդունումը, որոնք հետագայում կծառայեն ոլորտի զարգացմանը: Oրինակ այս տարվա ընթացքում հավանություն է տրվել գիտության ոլորտի զարգացման ռազամավարությանը, ստեղծվել է Գիտատեխնիկական խորհուրդ, որը պետք է առաջարկություններ մշակի ու ներկայացնի այս կամ այն ոլորտի զարգացման համար, մշակվել է նաև ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2011-2015 թթ ռազմավարկան ծրագիրն ու միջոցառումների ժամանակացույցը, հստակեցվել են գիտության 5 գերակա ճյուղերը:
«Սրանք այնպիսի փաստաթղթեր են, որոնք հույս են ներշնչում, որ ապագայում պետք է որ ունենանք զարգացած գիտություն»,-ասաց Ս. Հարությունյանը: Կոմիտեի ղեկավարն այս առումով կարևորում է «Քենդլ» ծրագրի նախապատրաստական աշխատանքները, հաջորդ տարի միջազգային ծրագիրը մեկնարկելու է, կշարունակվեն նոր գործընկերներ ձեռք բերելու բանակցությունները:
Նշենք, որ նախագծի նպատակն է Երևանում ստեղծել գիտական կենտրոն` առնվազն հինգ փորձարարական կայաններով ( բնագավառում), որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր: արդյունքում Երևանում կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում: Նախագծի իրականացման պատասխանատուն կոմիտեն է:
Ներկայացնելով առաջիկա տարվա անելիքները Ս. Հարությունյանը նշեց, որ նախատեսվում է համագործակցության պայմանագրեր կնքել Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի, Շվեյցարիայի հետ, կառավարությանը ներկայացնել հայագիտության զարգացման ու գիտության ոլորտի ռազմավարության 5-ամյա ծրագրերը, 2011-ին պետք է ներկայացվի հետազոտական համալսարանի պիլոտային ծրագիր և այլն:
Ս. Հարությունյանն այսօր արձանագրեց, որ Հայաստանում զարգացած են ֆիզիկան, կենսաբանությունը, մաթեմատիկան: Հայաստանում կա 7.5 հազար գիտնական ու գիտաշխատող: Ս. Հարությունյանի գնահատմամբ այս թիվը մեծ չէ, սրանից պակաս ունենալը 3 մլն բնակչություն ունեցող երկրի համար վտանգավոր է: Ըստ միջազգային ցուցանիշի, 3 մլն բնակչություն ունեցող պետության համար 5-6 հազար գիտնականը կրիտիկական է համարվում: