Արցախի նախագահը ընդունել է սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ընդունել է 2010 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն, Բ. Սահակյանը նշել է, որ այդ հաջողությունները կարևոր են ինչպես հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացման, այնպես էլ քաղաքական տեսանկյունից՝ հանդիսանալով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, միջազգային ասպարեզում պատշաճ կերպով ներկայանալու և քաղաքակիրթ հանրության շրջանում արժանավայել տեղ զբաղեցնելու լավագույն միջոցներից մեկը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի մարզիկների և մշակույթի ներկայացուցիչների հաղթանակները բոլոր հայերի հաջողությունն է` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում:
Նախագահը դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ է հանձնել բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին՝ նշելով, որ սպորտի և մշակույթի ոլորտները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը այս բնագավառների զարգացման ուղղությամբ: Միջոցառմանը ներկա են եղել կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք:
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահը դեկտեմբերի 24-ին ստորագրել է կարգադրություն սպորտի և մշակույթի բնագավառներում 2010 թվականին բացառիկ հաջողությունների հասնելու, միջազգային ասպարեզում Արցախի Հանրապետությունը արժանապատվորեն ներկայացնելու համար սպորտի և մշակույթի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների պարգևատրելու մասին: