Այս տարի աշխարհում 105 լրագրող է սպանվել
Լրատվամիջոցների գործունեությանը հետևող «Press Emblem Campaign» կազմակերպությունը դեկտեմբերի 27-ին հաշվետվություն է հրապարակել, որի համաձայն 2010 թվականին աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում սպանվել է 105 լրագրող, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Կազմակերպության նախագահ Բլեզ Լեմփենի խոսքով, լրագրողների սպանությունները «անբուժելի հիվանդություն» են դարձել:
Նշվել է նաև, որ միջազգային հանրությանը չի հաջողվել ստեղծել «արդյունավետ մեխանիզմներ»` մեղավորներին դատարանի առջև կանգնեցնելու համար:
Հաշվետվության համաձայն, լրատվամիջոցների աշխատանքի համար ամենավտանգավոր երկու երկրները Մեքսիկան և Պակիստանն են: Այս պետություններից յուրաքանչյուրում այս տարի սպանվել է 14 լրագրող:
Կազմակերպության տվյալների համաձայն, 2009-ի համեմատ, երբ սպանվել է 122 լրագրող, մահացու դեպքերի թիվը նվազել է, սակայն 2010-ին տխուր այս ցուցանիշը եղել է զգալիորեն բարձր, քան 2008-ին, երբ գրանցվել էր լրագրողների 91 սպանություն: