Բյուրականի աստղադիտարանն անցնող տարին հաջողություններով է փակում
Բյուրականի աստղադիտարանը ևս ամփոփեց 2010թ-ն ու հաշվետվություն ներկայացրեց իր գործունեության վերաբերյալ:
Ըստ տարածած հաղորդագրության, հայ աստղագետներին հաջողվել է ստանալ որոշ գիտական արդյունքներ, որոնք էական նորություն են և գիտական, և մեթոդական առումով:
Հաջողությունների թվում հատուկ առանձնացված են այն նոր արդյունքները, որոնք վերաբերում են առանձին տիեզերական օբյեկտների վրա Տիեզերքի արագացող լայնացման ազդեցությանը: Համարվում է, որ Տիեզերքի ամբողջ էներգիայի կամ նյութի ավելի քան 70 տոկոսը կենտրոնացած է այսպես կոչված մութ էներգիայի մեջ, որն էլ հենց պայմանավորում է Տիեզերքի արագացող լայնացումը: Այդ հարցի քննարկման առաջին արդյունքները վկայում են այն մասին, որ վերոհիշյալ մեխանիզմի աշխատանքի շնորհիվ տիեզերական մարմիններում կուտակվում է դրական էներգիա, որն էլ հենց դառնում է այդ մարմինների ակտիվ էներգազատման աղբյուր, և որի շնորհիվ դիտվում են ակտիվության տարբեր դրսևորումներ:
Բացի այս, աստղադիտարանի աշխատակիցները բավականին հետաքրքիր արդյունքներ են ստացել Արեգակի հրվիժակներում արագությունների դաշտի որոշման ուղղությամբ և ելնելով զուտ ֆիզիկական մոտեցումներից, հաջողվել է տեսականորեն ստանալ առնչություններ, որոնց շնորհիվ կարելի է որոշել ճառագայթող տիրույթների կինետիկ ջերմաստիճանն ու, այսպես կոչված, օպտիկական հաստությունը, որը բնորոշում է նյութի քանակն ու լույսը կլանելու նրա հատկությունը:
Խնդիրների մի առանձին դաս է նաև երկնքում օբյեկտների հնարավորինս ճշգրիտ կոորդինատների որոշումը, որը այդ նույն օբյեկտների տեղաշարժերի հաշվարկման հիմքն է: Ինչ վերաբերում է օբյեկտների տեղաշարժերի կամ արագությունների մեծ ճշտությամբ որոշմանը, ապա անհնար է գերագնահատել այդ բնագավառում ցանկացած առաջընթացի նշանակությունը: Հաճախ հենց նման խնդիրների վրա է խարսխված տիեզերական օբյեկտների ու դրանց համակարգերի էվոլյուցիոն առանձնահատկությունների պարզաբանումը: Ահա, հենց այս բնագավառում էլ առաջարկվել և կիրառվել է նոր մեթոդ, որն աչքի է ընկնում իր աննախադեպ ճշգրտությամբ:
Բավականին մեծ աշխատանք է կատարվել աստղային օբյեկտների էվոլյուցիայի ամենավաղ փուլերի ուսումնասիրության ուղղությամբ: Այս բնագավառում բավականին շատ են և նոր հետաքրքիր օբյեկտների հայտնաբերման փաստերը, և դրանց մանրակրկիտ հետազոտությունները:
Տարվա ընթացքում զանգվածային լրատավության միջոցներն արդեն բավականին լայնորեն լուսաբանել են և միջազգային դպրոցի կազմակերպումը, և Բյուրականում ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղի ստեղծման, երկրաշուրջ ուղեծրերում անտրոպոգեն բեկորների որոնման ծրագրում ընդգրկվելու, Բյուրականում արտաարեգակնային մոլորակների որոնման խոշոր նախագիծ ձեռնարկելու և այլ ծրագրերի մասին բանակցությունների արդյունքները: