Վարչապետ. Մրցակցությունը խստանալու է
Վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ներկա է գտնվել «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ, Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է համալսարանին` 20-ամյակի առթիվ` հոբելյանը կարևորելով նախևառաջ համալսարանի` մասնավոր կրթական հաստատություն լինելու հանգամանքով, և այն առումով, որ 20 տարիների ընթացքում կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները և կայանալ որպես համալսարան` ի շնորհիվ դասախոսական կազմի, ուսանողների։
Իր ելույթում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին. «Այն բարեփոխումները, որ մենք այսօր իրականացնում ենք, քայլ առ քայլ ստեղծելու են ավելի բարենպաստ մրցակցային միջավայր, և մասնավոր հաստատությունները եթե կարողանան ապացուցել, որ իրենք մատուցում են ավելի որակյալ ծառայություններ, քան պետական բուհերը, ապա ֆինանսական պատվերները և ծառայություններից օգտվելը միանշանակ ենթադրվելու են մասնավոր բուհերից»։
Անդրադառնալով որակյալ կրթության ապահովման հարցին` Տիգրան Սարգսյանն այդ գործում կարևորել է թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերի դերակատարությունը:
«Առաջին 20 տարին հաջողությամբ հաղթահարել եք, հիմա երկրորդ 20-ամյակի խնդիրները լուծելու հերթն է, որը հեշտ չի լինելու համալսարանի համար, որովհետև մրցակցությունը խստանալու է, մրցակիցներ կան դաշտում, իսկ այն սկզբունքները, որ մենք այսօր ներդնում ենք կրթական դաշտում` հավատարմագրային գործընթացը, որակի վերահսկողությունը, ստանդարտերին համապատասխանությունը, ներքին աուդիտը, ներքին գործընթացների ներդնումը, արտաքին աուդիտը, այս բոլոր գործընթացները ենթադրում են, որ դասախոսական կազմին սպասում է լուրջ և լարված աշխատանք, ինչի արդյունքում առաջին հերթին շահելու են ուսանողները, և իհարկե ընդհանուր առմամբ, մեր կրթական համակարգը»,-հավելել է վարչապետը` հաջողություն մաղթելով Համալսարանին։
1990 թ. հիմնադրված «Գլաձոր» բարձրագույն ուսումնական հաստատությունում ներկայումս սովորում է շուրջ 1300 ուսանող, իսկ շրջանավարտների թիվը հասնում է 2300-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան