Դպրոցների տնօրենների թեկնածուները քննություն պետք է հանձնեն` պաշտոնում նշանակվելու համար
Նախօրեին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ տեղի է ունեցել այս տարվա վերջին խորհրդակցությունը:Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը մարզպետների ուշադրությունը հրավիրել է ավագ դպրոցների ցանցի ձևավորման ընթացքին` նշելով, որ ԿԳ նախարարությունը մարզպետներից ակնկալում է ամբողջացնել ավագ դպրոցների ցանկի վերաբերյալ առաջարկությունները: Փոխվարչապետ Ա. Գևորգյանը ԿԳ նախարարին առաջարկել է ներկայացնել յուրաքանչյուր մարզում ակնկալվող ավագ դպրոցների թվի վերաբերյալ տեղեկանք` գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:
ԿԳ նախարարն անդրադարձել է նաև կառավարության կողմից մշակված հակակառուպցիոն ռազմավարությունից բխող` հանրակրթության ոլորտում միջոցառումների ծրագրին` կարևորելով մարզպետների աջակցությունը դրա իրագործմանը: Ա. Աշոտյանը մարզպետներին ներկայացրել է նաև հանրակրթության համակարգի կառավարման ոլորտում իրականացվելիք բարեփոխումների մասին տեղեկություններ` ակնկալելով վերջիններիս աջակցությունը: Խնդիրը մասնավորապես վերաբերում է դպրոցների տնօրենների վերապատրաստման և ատեստավորման նոր ընթացակարգերին, որից հետո տնօրենների թեկնածուները քննություն պետք է հանձնեն` պաշտոնում նշանակվելու համար: ԿԳ նախարարը նշել է, որ գործընթացը կազմակերպվելու է բաց և հրապարակային` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
Նույն աղբյւորի համաձայն, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն է հայտնել մարզպետներին` տարվա ընթացքում «Արի տուն» ծրագրի կազմակերպական աշխատանքներին օժանդակելու համար և նշել է, որ 2011թ. ևս ակնկալում է նրանց օգնությունը մարզերում հյուրընկալ ընտանիքների ընտրության հարցում: Ա. Գևորգյանը հույս է հայտնել, որ Սփյուռքի նախարարության և մարզպետների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև գալիք տարի: Սփյուռքի նախարարը կարևորել է նաև մարզպետների աջակցությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրին, որի նպատակն է հատկապես ԱՊՀ երկրների հայրենակիցներին ներգրավել հայրենիքում իրականացվելիք տարբեր նախագծերում: