2011-2012 թթ. Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիր. վերջնաժամկետը` հունվարի 14
Եվրասիայի և Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է, որն իրականացվում է «Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդե (IREX) կազմակերպության կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի բուհերի ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում: Մասնակիցներն ընտրվում են բաց և ազատ մրցույթով: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2011 թ. հունվարի 14-ը, ժամը 17:00:
Այս մասին տեղեկացանք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Ծրագրի հաղթողները պետք է այցելեն դասերի` մեկ ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակի համաձայն, առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում ներգրավվեն համայնքային աշխատանքների մեջ (առնվազն 20 ժամ), իսկ երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում մասնակցեն ուսումնական պրակտիկայի:
Առաջին կուրսի ուսանողները կապրեն հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում և կսովորեն երկամյա համայնքային քոլեջներում, իսկ մնացած կուրսերի ուսանողները` քառամյա քոլեջների և համալսարանների հանրակացարաններում: Կրթաթոշակն ամբոջովին ֆինանսավորված է և ապահովում է. աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում, դիմորդի բնակավայրից ԱՄՆ-ում հյուրընկալ բուհ երկկողմանի ճանապարհորդության ծախսերը, համալսարանի ուսման վարձը և անհրաժեշտ վճարումները, միջոցներ գրքեր ձեռք բերելու համար, ապրուստի ծախսերի համար ամսական կրթաթոշակ, բշժկական ապահովագրություն, շրջանավարտների համար նախատեսված համագործակցության և վերապատրաստման բազմաթիվ ծրագրերին մասնակցելու հնարավորություն:
2011-2012 թթ. Եվրասիայի և Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) հայցադիմումները կարող եք ձեռք բերել Այռեքսի երևանյան գրասենյակից, որտեղ և պետք է ներկայացնել լրացված հայցադիմումները: