Նոր կայք` «Հայկական գիտական համագործակցություն»
Հայկական վիրտուալ գիտական աշխարհում իր նորամուտն է նշել «Հայկական գիտական համագործակցություն» («Armenian Scientific Cooperation») կայքը, որի հեղինակներն են մի խումբ երիտասարդներ:
Կայքի նպատակն է նպաստել Հայաստանում գիտության տարբեր ճյուղերի ու գիտակրթական համակարգի զարգացմանը, գիտական համագործակցության ընդլայնմանը ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակների միջև, տեղեկացնել գիտության նվաճումների վերաբերյալ:
Կայքի հիմնական ուղղություններից մեկն է անցյալ ու ժամանակակից հայկական գիտական ու գիտատեղեկատվական մտքի ներկայացումն ու տարածումը: Կայքում արդեն կատարվել է 28 հրապարակում, որոնց ճնշող մեծամասնությունն ունեն գիտական արժեք։
Արդեն ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում գտնվող հայ գիտնականների հետ:
Ինչպես հայտնում են կայքի հիմնադիրները, կայքի նպատակներից է նաև հայ խոշորագույն գիտնականների կենսագրության և գիտական աշխատանքների էլեկտրոնային տարբերակով պատրաստումը և տարածումը, արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ: