Վրաստանի նախագահը շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն` Սուրբ ծննդյան տոնի առթիվ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորել է Հայ Առաքելական եկեղեցուն Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Այս մասին հայտնում է GHN-ն:
«Ցանկանում եմ շնորհավորել Հայ Առաքելական եկեղեցուն Սուրբ ծննդյան տոնի առթիվ և ցանկանում եմ ասել, որ ես բարձր եմ գնահատում ձեր կաթողիկոսի գործունեությունը ինչպես հայրենակիցներին հոգևոր աջակցության, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի երկու ուժեղագույն քրիստոնեական ժողովուրդների զարգացման գործում»,-ասել է Մ. Սահակաշվիլին Թբիլիսիիում հայկական եկեղեցի կատարած այցի ժամանակ:
Նախագահը խոսել է նաև Հայաստանի ու Վրաստանի միջև պատմական բարեկամական կապերի մասին և կարևորել հարյուրավոր տարիներ շարունակվող հարաբերությունները:
«Մեզ կապում է բարեկամությունը, եղբայրությունը, աջակցությունն ու համատեղ գոյատևումը դժվարին պատմական պայմաններում ու աշխարհաքաղաքական իրավիճակներում: Վիրահայերը մեր ազգային կերպարի անբաժանելի մասն են կազմում: Մենք երբեք չպետք է մոռանանք այն դերը, որ նրանք ունեցել են մեր երկրի տնտեսության, մշակույթի, հոգևոր, մարդկային զարգացման գործում, այլ նաև այն, որ դարեր շարունակ զենքը ձեռքին նրանք պայքարել են Վրաստանի անկախության, միասնության ու ազատության համար»,- ասել է Վրաստանի նախագահ:
Հիշեցնենք, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հրաշափառ տոնը, իսկ Վրաստանում այն կնշվի վաղը: