ՀՀ ԱԱԾ. Հալ Թալայան անունով ԱՄՆ քաղաքացի Հայաստան մուտք չի գործել
Մեկնաբանելով լրատվամիջոցների կողմից երեկ տարածված տեղեկատվությունը ԱՄՆ քաղաքացի ոմն Հալ Թալայանի կողմից հայ-իրանական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ, ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը Panorama.am-ին ասաց, որ նման անուն ազգանունով անձնավորություն Հայաստան մուտք չի գործել և հետևապես ոչ էլ Հայաստանից դուրս է եկել:
Տեղեկացնենք, որ հունվարի 6-ին մի շարք գործակալություններ տեղեկություն էին տարածել Իրանում ԱՄՆ քաղաքացի 55-ամյա Հալ Թալայանի ձերբակալության մասին:
«Ասոշիեյթեդ պրես»-ը հայտնել էր, որ ամերիկուհին ձերբակալվել է լրտեսության կասկածանքով: Իր հերթին, չինական «Սինխուա» գործակալությունը վկայակոչել էր Իրանի ուժայիններին ու հայտնել, թե Հալ Թալայանը ձերբակալվել է Հայաստանի սահմանի մոտակայքում և իբր ապօրինի Իրանի տարածք է մտել Հայաստանից: Նույն աղբյուրի հաղորդմամբ, ԱՄՆ քաղաքացու ձերբակալման առիթ է դարձել մուտքի արտոնագրի բացակայությունը, իսկ ձերբակալությունից հետո նրա մոտ հայտնաբերվել են հատուկ նշանակության սարքավորումներ:
Այնուհետև «Ֆրանս պրես» գործակալությունը, հղում անելով, «Ալ Ալամ» հեռուստաընկերությանը, տեղեկացրել էր, թե ԱՄՆ քաղաքացին հետ է ուղարկվել Հայաստան: Աղբյուրի համաձայն, հեռուստաընկերությունը միաժամանակ հայտնել է, որ մուտքի արտոնագիր չունենալու պատճառով պարզապես չի կարողացել մուտք գործել երկրի տարածք:
Ուշագրավ է, որ չնայած տեղեկատվության ակտիվ տարածմանը, Իրանի ու ԱՄՆ կողմից միջադեպի մասին այս պահի դրությամբ պաշտոնական որևէ հայտարարություն չի հետևել: