Կարսում կանգնեցված հուշարձանը սկանդալ է առաջացրել Թուրքիայում
Թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի հեղինակած հուշարձանը, որը կոչված է խորհրդանշելու մարդասիրություն և խաղաղություն, արժանացել է Թուրքիայի վարչապետի ստորացուցիչ գնահատականին: Կարսում կանգնեցված և դեռևս անավարտ այդ հուշարձանն Էրդողանի կողմից որակվել է իբրև տգեղ ու քանդման ենթակա:
Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Dogan haber» լրատվական գործակալությունը:
Էրդողանը նույնիսկ հայտարարել է, որ այդ հուշարձանն ապամոնտաժվելու է, ու փոխարենը զբոսայգի է հիմնվելու: Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն ևս իր անհավանությունն է հայտնել հուշարձանի կապակցությամբ` այն համարելով Կարսի ճարտարապետական ոճին անհարիր:
Սույն թեման հայտնվել է թեժ քննարկումների առաջին գծում: 30 մետր բարձրություն ունեցող այդ կոթողը տեսանելի է նաև հայկական սահմանից: Ճարտարապետ Աքսոյը, հիշեցնելով հուշարձանի խաղաղասիրական նշանակության մասին և ի պատասխան Էրդողանի հայտարարությանը, ասել է. «Նախագահը Հայաստան է գնում հանուն խաղաղության: Ի°նչ է, մի կողմից խաղաղություն ենք կամենում, իսկ մյուս կողմից պատերազմի դեմ ուղղված հուշարձա°նն ենք փորձում ապամոնտաժել: Այդ դեպքում թույլ տվեք հարցնել` այդ ի°նչ տեսակ խաղաղություն ենք մենք ցանկանում»:
Ճարտարապետ Աքսոյը հայտնել է, որ պատրաստվում է գործի առնչությամբ դիմել դատարան ու թույլ չտալ, որպեսզի հուշարձանը տեղահանվի: