Երևանում այսօր հրաժեշտ կտան Օհան Դուրյանին
Այսօր Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայաստանցիները վերջին հրաժեշտը կտան հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանին: Հրաժեշտի վերջին արարողությունը կմեկնարկի ժամը 12:00-ին: Այնուհետև տեղի կունենա հուղարկավորությունը Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Հիշեցնենք, որ մեծանուն դիրիժորը մահացել էր 88 տարեկան հասակում, հունվարի 6-ին, առավոտյան և, ինչպես Դուրյանի այրին` Ալիս Դուրյան-Շամիրյանն էր հայտարարել «Իր վերջին խոսքերն իր հանգուցյալ մորն էին ուղղված, մտքերն՝ իր հայրենիքի հետ էին: Մաեստրոն հեռացավ խաղաղ՝ հանգելով Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո, որ խնդրեց միացնել իր համար և որոնց հոգեվարքի պահին անգամ՝ չափ տվեց ... մի վերջին անգամ: Նրա մահճի մոտ էին իր հարազատներն ու ամենամերձավոր բարեկամները»:
Օհան Դուրյանը ծնվել է 1922 թ սետեմբերի 8-ին` Երուսաղեմում: Դիրիժորություն և երգահանություն ուսանել է տեղի դպրոցներում: Դեռ շատ երիտասարդ հասակից համերգային շրջագայությունների է մեկնել Եվրոպա: Մինչև 1950-ականները ղեկավարել է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Չհարմարվելով Խորհրդային հասարակարգին` Դուրյանը բնակություն է հաստատել Եվրոպայում: 1962-69թթ որպես դիրիժոր հանդես է եկել Լայպցիգի օպերային թատրոնում և Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբում: Նրանց հետ միասին Դուրյանը մասնակցել է ավելի քան 19 համերգի, որոնք շռնդալի հաջողություններ են գրանցել: Համերգներից և ոչ մեկի ժամանակ չի օգտագործվել պարտիտուր և դիրիժորական փայտիկ: Մաեստրոն 2 անգամ նշանակվել է Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի ղեկավար: Մամուլում նրան սկսում են համեմատել Նիկիշի, Բեռնշտայնի, Կարայանի ու Տոսկանինիի հետ։ 1966-68թթ Դուրյանի ղեկավարությամբ Լայպցիգի օպերային թատրոնում ներկայացվում է «Դոն Կառլոսն» օպերան: 2002-2006թթ ղեկավարել է Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը:
Աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ: