Եվրադատարանը Թուրքիայում կրկին բացահայտել է մարդու իրավունքների կոպիտ խախտում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական անգամ Թուրքիայի Հանրապետությանը մեղավոր է ճանաչել մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ: Դատարանի վճռով ընտանեկան և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի մասին հոդվածով մեղավոր ճանաչված թուրքական պետությունը պարտավոր է տուժող կողմին իբրև փոխհատուցում վճարել 2.000 եվրո տուգանք` դատավարական ծախսերը ներառյալ: Իսկ տուժող կողմը ներկայացնում են Թեքրդաղի բանտի 10 կալանավորներ, որոնց նամակները (քրդերեն լեզվով) չեն փոխանցվել իրենց ընտանիքներին:
«CnnTurk»-ի տեղեկացմամբ` Եվրադատարանը դատապարտել է թուրք իրավապահների հակաօրինական գործողությունները, որոնց հետևանքով եթե նամակները թուրքերեն գրված չեն եղել, ապա չեն փոխանցվել հասցեատերերին: Անընդունելի է համարվել նաև այն վարքագիծը, ըստ որի, տեքստի թարգմանության համար անհրաժեշտ գումարը պետք է վճարեն դատապարտյալները: