Լիոնել Մեսսին` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով 2010 թ. լավագույն ֆուտբոլիստ: Ազգային հավաքականների մարզիչների ու ավագների քվեարկության արդյունքում նա գերազանցեց իր թիմակիցներին` Խավիին ու Անդրես Ինյեստային: Իսկ տարվա լավագույն մարզիչը Ժոզե Մոուրինյոն է:
Երեկ երեկոյան ՖԻՖԱ-ն և «France Football»-ը հայտարարեցին «Ոսկե գնդակի» տիրակալի անունը: Այդ մրցանակը, ի դեպ, նախատեսված է մոլորակի լավագույն ֆուտբոլիստի համար: Հավակնորդները երեքն էին, իսկ ակումբը, որը նրանք ներկայացնում էին, մեկն էր` «Բարսելոնը»: Հարցման ենթարկվածների մեծամասնության կարծիքով, իսկ նրանց թիվը 600-ից ավելի էր, աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակը կրում է կապտանռնագույն մարզաշապիկ:
Ի դեպ, համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ սա երրորդ դեպքն է, երբ առաջին եռյակում հայտնված խաղացողները ներկայացնում են նույն ակումբը: 1988 և 1989 թթ. 1-3-րդ տեղերում բացառապես «Միլանի» ֆուտբոլիստներն էին, և երկու դեպքում էլ հաղթող ճանաչվեց Մարկո վան Բաստենը:
Կատալոնյան տրիոն լիարժեք կազմով ներկա էր Ցյուրիխում կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Յուրաքանչյուր հավակնորդ, իհարկե, հուզվում էր, սակայն աշխատում էր չցուցադրել իր ապրումները: Այս անգամ, ի դեպ, շատ էին փոփոխությունները, և դրանցից մեկն էլ այն էր, որ լավագույնը ճանաչված ֆուտբոլիստը նախկինի պես արարողությունից երկու օր առաջ չէր տեղեկացվում իր հաղթանակի մասին: ՖԻՖԱ-ն և «France Football»-ը որոշել էին, որ սկսած այս տարվանից` «Ոսկե գնդակի» տիրակալի անունը կհրապարակվի միայն միջոցառման ընթացքում:
Ամենահիմնական նորությունն այն է, որ համաշխարհային ֆուտբոլում մնացել է միայն «Ոսկե գնդակը»: Մինչև վերջերս խաղարկվում էր նաև «Ադամանդե գնդակ» մրցանակը, որը, սկսած 1991 թ., անմիջականորեն ՖԻՖԱ-ի կողմից հանձնվում էր լավագույն ֆուտբոլիստին: Սակայն միջազգային ֆեդերացիան որոշեց հրաժարվել այդ մրցանակից` հայտարարելով, որ միավորվում է «France Football»-ի առավել հեղինակավոր նախագծի հետ:
Չնայած գաղտնիությանը, «Gazetta dello Sport»-ը միջոցառումից մեկ օր առաջ հայտարարեց, որ 2010 թ. «Ոսկե գնդակը» կստանա աշխարհի առաջնության եզրափակչում հաղթական գոլի հեղինակը: Իտալացիները հաղորդում էին, որ «Մահ» մականունը կրող Ինյեստան շատ քիչ տարբերությամբ է շրջանցել Խավիին, իսկ Մեսսին եզրափակում է եռյակը: Մինչդեռ արգենտինացին ստացել էր ձայների 22,56, Ինյեստան` 17,36, իսկ Խավին` 16,48 տոկոսը:
Ավելացնենք, որ հերթական անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհու կոչմանն արժանացավ բրազիլուհի Մարթան, ով վաստակած ձայներով գերազանցեց գերմանուհիներ Բայրամային ու Բիրգիթ Պրինցին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան