Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում. National Geographic-ը` հայկական գինեգործության մասին
5500-ամյա կաշվե կոշիկի հայտնագործությունը բավական չէր, այժմ էլ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գինու ամենահին գործարանն է գտնվում: Ոտաբոբիկ գինեգործները, հավանաբար, աշխատել են քարայրում, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնամյա կաշվե կոշիկը: Այս մասին գրում է հեղինակավոր «National Geographic»-ը` անդրադառնալով Արենի գյուղում հնագետների կողմից խաղողի ճզմման համար անհրաժեշտ տարրայի, գինու պահպանման անոթների, ամանեղենի, գավաթների հայտնագործությանը:
«Այս ամենը շատ վաղ ժամանակներում գինու արտադրության հավաստի վկայությունն է», լրատվամիջոցին ասել է Կալիֆոռնիայի համալսարանի հնագետ Գրիգորի Արեշյանը` նշելով, որ ուսումնասիրությունների արդյունքում ստացված գինու արտադրության հնագիտական պատկերը 6100 տարվա վաղեմություն ունի:
Ըստ աղբյուրի, որպեսզի պարզեն` արդյոք գտածո տարրաներում գինի է եղել, հնագետները քիմիական հետազոտության են ենթարկել դրանք և դրանցում հայտնաբերել են «մալվիդին» կոչվող քիմիական տարրը, որը գինուն կարմիր գույն է տալիս: ««Մալվիդին»-ը քիմիական լավագույն ինդիկատորն է, որն ապացուցում է դրանց մեջ գինու առկայությունը», -նշել է Արեշյանը:
Գինու մասնագետ, հնագետ Փաթրիկ Մաքգովերնը, ով ներգրավված չի եղել հնագետների խմբում, համաձայնել է, որ հայտնաբերված գտածոները հավաստում են վաղ շրջանի գինեգործության մասին: Նա հայտնագործությունը համարել է կարևոր ու յուրահատուկ, «քանի որ վկայում է գինու խոշորամասշտաբ արտադրության մասին»: Ինքը, Մաքգովերնը, Իրանի հյուսիսում հայտնաբերել է 7000 տարվա վաղեմության գինու քիմիական ու հնագիտական ապացույցներ, բայց ոչ գինու գործարան:
Ըստ «National Geographic»-ի, հայտնագործությունը նշանակալից է, քանի որ ցույց է տալիս, որ գինեգործությունը հասարակական ու տեխնոլոգիական ինովացիա է եղել նախապատմական հասարակարգերում:
Հիշեցնենք, որ Գրիգորի Արեշյանի ղեկավարած արշավախումբը Արենիի քարայրում հայտնաբերել էր նաև աշխարհի հնագույն 5500-ամյա կաշվե կոշիկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան