Հայաստանի ՏՏ ոլորտը CeBIT 2011-ում
Մարտի 1-5-ը Գերմանիայի Հաննովեր քաղաքում տեղի կունենա CeBIT 2011 ցուցահանդեսը։ CeBIT-ը տեխնոլոգիաների աշխարհի խոշորագույն ցուցահանդեսն է, որին մասնակցում են ոլորտի առաջատար դերակատարները և ներկայացվում են նորագույն լուծումներ:
CeBIT ցուցահանդեսին տարբեր տարիներին Հայաստանից մասնակցել են Ալգորիթմ Սերվիս, Bi Line, CQG, E-Soft, Instigate, ISMA, L-Soft, Smart Systems, Viasphere Technopark, Sourcio, Memcosoft, AHTC, Fluger, AIT Systems, Softmaster, EIF, E-Dram, CIT, TIB, Synergy, Armenian Software, Dino Systems ընկերությունները:
Այս մասին հայտնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
2010 թ. հայկական պատվիրակությունը չկարողացավ մասնակցել ցուցահանդեսին՝ պետական բյուջեից տրվող ֆինանսավորման կրճատման պատճառով։ Այս մասին Panorama.am- ին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Այս տարի CeBIT 2011 ցուցահանդեսն իր մեջ կներառի հետևյալ 4 ուղղությունները.
1. CeBIT Pro-Պրոֆեսիոնալ և իննովացիոն ՏՀՏ լուծումներ Բիզնեսի բոլոր հատվածների համար
2. CeBIT Lab-Research and Development for Innovative ICT` Ապագան սկսվում է այսօր
3. CeBIT Life-ՏՀՏ Լուծումներ սպառողների համար` CeBIT խաղեր, ձայնային լուծումներ
4. CeBIT Gov-ՏՀՏ Լուծումներ հանրային և պետական հատվածի համար
CeBIT 2011-ի շրջանակներում կանցկացվի նաև CeBIT Global Conference, որտեղ աշխարհի թվային տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները կներկայացնեն ՏՀՏ ոլորտի զարգացման հեռանկարները և նորագույն տեխնոլոգիական լուծումները:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու Վահան Հովսեփյանի փոխանցմամբ, ԻՏՁՄ, համագործակցելով իր գործընկերների հետ, կաջակցի հայկական պատվիրակության մեջ մտած ընկերությունների մասնակցությանը CeBIT 2011` տրամադրելով կազմակերպչական և խորհրդատվական օժանդակություն, ինչպես նաև այլ ռեսուրսներ` հայկական պատվիրակության հաջողակ մասնակցությունը ապահովելու նպատակով: «Նախատեսվում է նաև ֆինանսական աջակցություն, որը, սակայն, կարող է հաստատվել ԻՏՁՄ պետական, մասնավոր հատվածների, ինչպես նաև միջազգաին գոչծընկերների հետ բանակցություններից հետո»։
Նշենք ,որ CeBIT 2010-ին մասնակցել են 4, 157 ընկերություն 68 երկրից, իսկ այցելուների թիվը հասել է 334, 000 ` 83 երկրից: