«Ամանորի սեղանին բուդ դնելը վերցված է ռուսներից կամ հույներից»
«Պետք է տարբերել պաշտոնական, ժողովրդական և ծիսական տոմար հասկացությունները: Մեզանում հաճախ այդ հասկացությունները խառնված են»,- Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ, ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանը:
Նա նշեց, որ բոլոր քրիստոնյա եկեղեցիների օրացույցները հիմնված են Հուլյան օրացույցի վրա: «Հուլյան օրացույցը չպետք է շփոթել հայոց հին տոմարի հետ, որը բոլորովին այլ պատմություն ունի»,-ասաց նա:
Ազգագրագետը հայտնեց, որ հունվարի 13-ը որպես Նոր տարի նշելու ավանդույթն ունի գիտական և ժողովրդական հիմքեր: Նրա խոսքով, ըստ հավատալիքի` հունվար ամսվա առաջին 12 օրերը խորհրդանշել են տարվա 12 ամիսները և իբրև տարեսկիզբ նշվել է հունվարի 13-ը: Այս ամենը հավատալիքի արժեք ունի, ոչ ավելին»,- ներկայացրեց նա:
Նա նշեց, որ հունվարի 1-ը և 13-ը, ինչպես նաև պահպանվող շատ տոներ մեր օրերում արդեն կապ չունեն ծիսականի հետ, քանի որ լիովին փոխվել է ժամանակակից ամանորի ծիսակարգը:
Խոսելով Կաղանդի և Ամանորի տարբերությունից` նշեց, որ Կաղանդը երբևէ մերը չի եղել:
«Ներկայումս ամանորի ավանդույթների մեջ ներգրավված են տարբեր երկրներից վերցված տարրեր և արարողություններ: Իրար գինի կամ միրգ նվիրելն ակնհայտորեն գալիս է Նավասարդից, սեղանին բուդ դնելը` ռուսներից կամ հույներից, հնդկահավը` ֆրանսիական սովորույթ է, իսկ պասուց տոլման Սուրբ Ծննդյան տոնի ուտեստ է»,- ասաց նա և հավելեց, որ ուրխալի է, որ որոշ վայրերում դեռևս պահպանվում են հայկական ավանդույթները:
Ազգագրագետը հայտնեց, որ օրինակ Ապարանի որոշ գյուղերում մինչ օրս պահպանվում են Բարեկենդանի ավանդույթները, սակայն քաղաքում շատ դեպքերում դժվար է լինում պահպանել ծիսակարգը: